325 մլն դրամ կհատկացվի կլաստերները սպասարկող 5 նոր ավտոբուսի ձեռքբերման համար

13.08.2026, 21:05
Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման համար
325 մլն դրամ կհատկացվի կլաստերները սպասարկող 5 նոր ավտոբուսի ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։

Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր: 5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից:

Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է: Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս:

Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027թ-ի բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ: