Փրկարարներն իջեցրել են կիսակառույց շինության վրա բարձրացած երեխաներին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 11-ի երեկոյան Սիսիան քաղաքում փրկարարների արագ արձագանքի արդյունքում կիսակառույց շինության վրա հայտնված երեխաներն անվտանգ և ապահով վայր են տեղափոխվել։
Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
Ըստ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության, ժամը 19․29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինության վրա երեխաներ են բարձրացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
«Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գնահատել են իրավիճակը, մոտեցել երեխաներին և, ապահովելով նրանց անվտանգությունը, իջեցրել են վտանգավոր տարածքից»,-նշվում է հաղորդագրության մեջ։



