2025թ․–ին ռուտին պատվաստումների ցուցանիշը ռեկորդային է` 95.2 %․ նախարար

11.02.2026, 18:25
Նախարարն անդրադարձել է նաև կարմրուկի դեպքերին
2025թ․–ին ռուտին պատվաստումների ցուցանիշը  ռեկորդային է` 95.2 %․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թվականին ռուտին պատվաստումների ցուցանիշը ռեկորդային է` 95.2 %, որն իսկապես շատ դրական արդյունք է։

Այս մասին այսօր իր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ 

«Պատվաստանյութերի վերաբերյալ հանրության հետ իրականացվող տեղեկատվական աշխատանքը տալիս է իր արդյունքները, և ես շատ ուրախ եմ, որ մեր հանրության վերաբերմունքը ևս փոխվել է», - ասաց Ավանեսյանը: 

Անդրադառնալով կարմրուկի բռնկումներին՝ նախարարը հայտնեց, որ վարակը հաղթահարելու ամենագործուն միջոցը պատվաստումն է։

Ավանեսյանը շեշտեց, որ կարմրուկը խիստ վարակիչ և կոնտագիոզ հիվանդություն է։ 

«Եթե մեկ շենքում կարմրուկով վարակված երեխա կամ անձ կա, ապա հավանականությունը, որ այդ շենքում մյուս բնակիչները՝ անգամ առանց հանդիպելու, կվարակվեն, իսկապես շատ մեծ է»,- նշեց նախարարը։ 

Ավանեսյանը հիշեցրեց, որ թեև 2023 թվականին եղել են հիվանդության բերովի դեպքեր, սակայն ձեռնարկված միջոցառումները թույլ են տվել կանխել դրանց տարածումը։ 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանն անցել է վեցավալենտ պատվաստանյութի կիրառմանը, և այս բոլոր միջոցառումները հնարավորություն են տալիս, որպեսզի նույնիսկ բերովի դեպքերի պարագայում դրանք արագ տեղայնացվեն և բռնկումներ չդառնան։