Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
09.07.2016,
10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Ուրբաթ դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանության հետևանքով նախկին փեսան կացնահարել է նախկին զոքանչին, ապա ծանր վնասվածքներ հասցրել նախկին աներոջն ու կնոջը, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնել այս դաժան սպանության մասին։
- «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` որպես իր ակումբի խաղացող: Մխիթարյանը ակումբի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն, ակումբի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում, մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը «կարմիր սատանաների» շարքեր: Միաժամանակ հաղորդվում է, որ Հենրիխ Մխիթարյանը մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը սպառնում էր իր նախկին ակումբ «Բորուսիային»։
- Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ Վերին Լարսի անցակետը բաց է, սակայն հողի հոսելու վտանգ կա։ Միաժամանակ, ՀՀ ԱԻՆ–ը հրապարակել է ՌԴ ԱԻՆ 6 հատուկ չվերթով տեղափոխված քաղաքացիների ամբողջական ցուցակը։ Հատուկ չվերթերը կազմակերպվել էին Լարսի անցակետի ժամանակավոր փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:
- 2008 թ.–ի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ–թեստերի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել։ Նա ժամանակավորապես հեռացվել է մրցումներից։ Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական գործ է հարուցվել։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը, Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալակիր, հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի Ռիոյում կայանալիք Ամառային օլիմպիադային, սակայն դա չի ազդի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցության վրա։
- Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ։ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է։-0-

