Վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ովքեր բողոքարկել էին նրա կալանքը։
Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր օգոստոսի 1–ին։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվել է` հաշվի առնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը։
ՀՀ Սահմանադրության 140–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն` հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Սահակյանը նաև նշեց, որ այս պահին Քոչարյանը գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, սակայն արդեն հեռացել է նիստերից դահլիճից։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-