Փորձագետը նշել է քաղաքական ուժերը, որոնք երաշխավորված կանցնեն Ազգային ժողով

09.03.2017, 15:22
Սերգեյ Մինասյանը թվարկեց այն քաղաքական ուժերը, որոնք ունեն բոլոր հնարավորությունները` ԱԺ անցնելու համար:
Փորձագետը նշել է քաղաքական ուժերը, որոնք երաշխավորված կանցնեն Ազգային ժողով
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ թվարկեց այն քաղաքական ուժերը, որոնք ունեն բոլոր հնարավորությունները` ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով ԱԺ անցնելու համար:

«Առաջին քաղաքական ուժը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է: Առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը այն է, կկարողանա արդյոք ՀՀԿ-ն ինքնուրույն 54 տոկոս հավաքել, թե կուսակցությունը դա կանի մեկ այլ քաղաքական ուժի հետ միասին: Առավել հավանական է «Դաշնակցությունը», որը, իր ռեսուրսների շնորհիվ, ունի բոլոր հնարավորությունները հայտնվելու նոր խորհրդարանում», - ավելացրեց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ նոր խորհրդարանում այս կամ այն ձևով կլինեն նաև «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Փորձագետի խոսքով, ԱԺ անցնելու շանս չունի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

«Բացի այդ, խնդիրներ կարող են ծագել «Ազատ դեմոկրատների» մոտ: Միաժամանակ, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը (Հայկական վերածնունդ) և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գտնվում են լուրջ քաղաքական ճնշման տակ, ինչի հետևանքով դրանց հետագա ճակատագիրը առայժմ պարզ չէ», - ընդգծեց Մինասյանը:

Նա նաև ավելացրեց, որ ներկայիս ընտրությունները կարելի է համեմատել այլ հետխորհրդային երկրներում քաղաքական և ընտրական գործընթացների հետ, երբ քաղաքական կուսակցությունների վարչական ռեսուրսները ավելի կարևոր են, քան քարոզչական մեխանիզմների գաղափարախոսությունը: -0-