Փաշինյանը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիայի վերսկսման մասին

25.04.2018, 00:46
Նիկոլ Փաշինյան հայտարարեց քաղաքացիական անհնազանդության համատարած ակցիայի վերսկսման մասին։
Փաշինյանը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիայի վերսկսման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյան հայտարարեց քաղաքացիական անհնազանդության համատարած ակցիայի վերսկսման մասին։

Չորեքշաբթի` ապրիլի 25–ին, պետք է տեղի ունենային Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները։

«Այս պահի դրությամբ ես ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չեմ ստացել (հանդիպման վերաբերյալ, խմբգր)։ Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել. ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցային պրոցեսը, մեր պնդմամբ, այս փուլի բանակցային պրոցեսը նույպես կարող է վերաբերել միայն մեր առաջադրած չորս կետերին, որոնցից մեկն արդեն իրագործվել է։ Ես ուզում եմ հիշեցնել այդ չորս կետերը. առաջին` Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովրդի թեկնածուի նշանակում Հայաստանի վարչապետի պաշտոնում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հնարավորինս կարճ ժամկետի ընթացքում Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի շատ կարևոր բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակեպված ուղիղ եթերի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ՀՀԿ–ի այս լռությունը ստիպում է մտածել, որ ՀՀԿ–ում մտածում են, որ կարող են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործել ՀՀԿ–ի իշխանությունը պահպանելու համար։

«Բայց մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ խնդիրը ոչ միայն Սերժ Սարգսյանի անձի մեջ է, այլ համակարգի, և բնականաբար մենք որևէ կերպ չենք կարող համաձայնվել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվի ՀՀԿ–ից որևէ ներկայացուցիչ։ Հիմա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ– փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի շրջանում առաջացած ցնծությունը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ Սա իրավիճակի սխալ գնահատական է, և մենք հստակ արձանագրել ենք, որ ՀՀԿ–ն չի կարող շարունակել մնալ իշխանության, և ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը պետք է հանգի իր տրամաբանական ավարտին», – նշեց Փաշինյանն ու ավելացրեց, որ եթե ՀՀԿ–ականները` Կարետ Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը պատրաստ են քննարկել իշխանության անցնցում փոխանցումը, «նրանք գիտեն իմ կոնտակտներն ու հեռախոսահամարը»։

«Մենք ձեզ կոչ ենք անում վաղվանից վերսկսել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, և ժամը 11–ից հավաքվել Հանրապետության հրապարակում` իրավիճակը քննարկելու և հետագա անելիքները որոշելու համար։ Ես վստահ եմ, որ մեր շարժման ոչ մի մասնակից չի համաձայնվի, որ մենք մեր սկսած գործը կիսատ թողնենք, և չի կարող այնպես պատահել, որ մենք, Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելով, ուղղակի հետևենք, թե ինչպես է ՀՀԿ–ն, սեփական լիդերին զոհաբերելով, փորձում իշխանությունը պահպանել։ Այդպես չի լինելու, և ես բոլոր մեր հայրենակիցներին ՀՀ–ում և Սփյուռքում կոչ եմ անում շարունակել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, ևս մեկ շաբաթ անհրաժեշտ է այս հաղթանակը վերջնական ամրագրելու կամ նոր փուլ արձանագրելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում ԱԺ–ում պետք է տեղի ունենան նոր վարչապետի ընտրություններ։

«Եվ ես հույս ունեմ, որ հանրապետականները հասկանում են, որ հանրապետական վարչապետի որևէ թեկնածուի առաջադրումն էլ ավելի կմեծացնի մեր շարժման թափը։ Վարչապետի թեկնածուն և վարչապետը պետք է լինի թավշյա հեղափոխության ներկայացուցիչ։ Այլ տարբերակ պարզապես չկա», – ասաց ընդդիմության առաջնորդը` ավելացնելով, որ վաղը երեկոյան կրկին տեղի կունենա հանրահավաք։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–