Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների ծրագիրը. գործադուլ, ԱԺ–ի և մետրոպոլիտենի «արգելափակում»
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ընդդիմության` առաջիկա օրերի գործողությունների ծրագիրը։
Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկն` ամբողջությամբ արգելափակելով հրապարակի բոլոր հինգ մուտքերը։ Ակցիան շարունակվում է ավելի քան երկու օր։
«Վաղը մենք պետք է ժամը 08։25–ին սինքրոն սկսենք մեր ակցիաները` փոքրիկ խմբերով (4–5 մարդ) պետք է արգելափակենք երթևեկը մայրաքաղաքի կամուրջների վրա, շրջափակենք Երևանի մետրոպոլիտենի վագոնների դռները, կանխիկացնենք բանկերում եղած բոլոր միջոցները։ Ուսանողները պետք է սկսեն բոյկոտել պարապմունքները, բոլոր աշխատողները պետք է գործադուլ կազմակերպեն։ Այնուհետև ժամը 9–ից հետո կշարժվենք դեպի Բաղրամյան պողոտա և կմտնենք խորհրդարան», – հայտարարեց Փաշինյանը։
Նրա կարծիքով, եթե մայրաքաղաքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ վաղը ժամը 08։25–ին միաժամանակ սկսեն իրականացնել նրա հրապարակած ծրագիրը, ապա ոչ մի ոստիկան ոչ միայն չի հասցնի արձագանքել քաղաքացիների գործողություններին, քանի որ ցուցարարները կլինեն ավելի շատ, քան իրավապահները, այլև չի համարձակվի ուժ կիրառել։
«Մեր հաջողության գրավականը միասնությունն է, և ես հավատում եմ ձեզ։ Մեզ սպասվում է հաջողություն», – ասաց Փաշինյանը։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր երեք փողոցները շարունակում են փակ մնալ։ Երթևեկը դադարեցված է Մաշտոցի, Սայաթ–Նովա և Բաղրամյան պողոտաներում։
Ֆրանսիայի հրապարակում ոստիկաններ չկան, չնայած նախօրեին Փաշինյանին զգուշացրել էին, որ իր գործողությունների համար նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։
Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։
Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։
Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–