Միջադեպ. հարձակվել են Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.03.2017, 17:02
Երևանում միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:
Միջադեպ. հարձակվել են Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև, հաղորդում է 1in.am կայքը:

Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց` պատճառաբանեով, որ դպրոցի տարածքում քարոզչություն անելու իրավունք պատգամավորները չունեն:

Մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ, տեղադրված էր ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի («Ծառուկյան» դաշինք. խմբ) նկարով քարոզչական պաստառ, որը դպրոցի աշխատողները արագ թաքցրեցին:

Փորձելով պարզել, թե ինչու են թաքցնում պաստառը, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորի անցաթղթի միջոցով, կարողանում է մուտք գործել դպրոցի տարածք: Այդ հանգամանքը և լրագրողների առկայությունը մեծ վրդովմունք է առաջացնում դպրոցի աշխատակիցների շրջանում, որից հետո սկսվում է անկառավարելի իրավիճակ: 

«Ելքի» անդամների, լրագրողների և դպրոցի աշխատակիցների միջև ավելի լուրջ ընդհարումից խուսափելու համար Փաշինյանը ի վերջո բարձրախոսով հետ է կանչում բոլորին և դուրս բերում դպրոցից:


Միջադեպից հետո Մամոյանը անձամբ եկել է մարզադպրոց և ներողություն է խնդրել: -0-