ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում Հայաստանի դատարանը հրաժարվեց կալանավորել ԱՄՆ–ի պահանջով, Երևանից մեկնել է Մոսկվա, չորեքշաբթի
Ինտերֆաքսին տեղեկացրել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը։
«Իմ պաշտպանյալը Երևանից մեկնել է Մոսկվա», – նշել է նա։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Միրոնովը անարգել կարող է
հեռանալ Հայաստանից։
«Դատարանը հրաժարվել է կալանավորել Միրոնովին, նա ազատ է և կարող է մեկնել Հայաստանից», – նշել է փաստաբանը։
Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։
Փաստաբանի խոսքով` Միրոնովը հասարակ ծրագրավորող է, և նրան հասանելի չեն գաղտնի տեխնոլոգիաները։
Երկուշաբթի Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժեց Միրոնովի կալանքի մասին դատախազության միջնորդությունն ու ազատ արձակեց նրան։ –0–