ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության կայքում։
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ.-ի մայիսի 10-ին:
1996թթ.-ին ավարտել է Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայի (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ) Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում բաժինը և ստացել «Անձնակազմի կառավարում» մասնագիտացումը:
1999թթ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի աստիճան:
2000թթ.-ին Սարգսյանն ավարտել է Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը, Թաֆթս և Հարվարդի համալսարանները (Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ)` ստանալով Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում:
1995–1998թթ.-ին Վիգեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնականի, խորհրդականի պաշտոնը: 2001 – 2011թթ.-ին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս: 2003 – 2009թթ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականը:
2009 – 2011թթ.-ին Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2011-2016թթ.-ին դարձել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Բացի այդ, Սարգսյանը 2000 – 2003թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ:
Վիգեն Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՀՀ ազգային ժողովի Պատվո ոսկե մեդալներով, Ֆրանսիայի Արժանիքների շքանշանով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան», «Մովսես Խորենացու» մեդալներով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագրով և մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Սարգսյանը ԱՊՀ հումանիտար խորհրդի նախագահ է, Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի անդամ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, «Քաղաքացիական ծառայություն» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի խորհրդի անդամ, «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Բացի այդ, Սարգսյանը եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող, Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող , Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար (2005-2007), Ռուսաստանում Հայաստանի տարվա և Հայաստանում Ռուսաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար (2005-2006):
Սարգսյանը Վատ լսող և խուլ երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ է, Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ:
Վիգեն Սարգսյանը ամուսնացած է, ունի երեք դուստր:
2016թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: -0-