Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները

11.02.2019, 16:43
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։

Պատճառների և ծրագրերի մասին

Ըստ Facebook–ի իր էջում կատարած հրապարակման, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները Հովհաննիսյանի համար առիթ դարձան մտածելու գործունեության նոր ուղղությունների մասին։

«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ»,– գրել է նա։

Загружается новость ... "Право"

Նա նշել է, որ նախորդ շաբաթ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և կմիանամ այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ նախորդ շաբաթ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները։

«Մեր տեսլականն այն է, որ կրթության և անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքները ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»,– ավելացրել է նախկին փոխխոսնակը։

Հովհաննիսյանը, ինչպես նշվում է նրա հրապարակման մեջ, մտադիր է շարունակել ակտիվ դասախոսական և գիտամանկավարժական գործունեությունը։

«Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում»,– գրել է նա, ավելացնելով, որ առաջիկայում առավել մանրամասն կներկայացնի հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները։

ՀՀԿ–ի նոսրացող շարքերը

Հովհաննիսյանի որոշումը կարելի է դիտարկել որպես հանրապետականների դերի նվազման հերթական դրսևորում։

ՀՀԿ–ի գերակշռումը Հայաստանի քաղաքական դաշտում, որի սկիզբը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակն էր, ավարտին մոտեցավ 2018 թվականի ապրիլի 13–ից հանրապետությունում անցկացվող բողոքի ծավալուն ակցիաների ֆոնին, ինչի արդյունքում ապրիլի 23–ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Իշխանության եկավ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 8–ին ընտրվեց վարչապետ, իսկ հոկտեմբերի 16–ին հրաժարական տվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9–ին անցկացված ընտրությունների արդյունքներով, մեծ տարբերությամբ հաղթանակ տարավ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» 70.43 տոկոս ձայներով, իսկ ՀՀԿ–ն ընդհանրապես չանցավ խորհրդարան։

ՀՀԿ–ի շարքերի նոսրացումը սկսվեց թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո։ Դրա շարքերը լքածներից շատերն իրենց որոշումը բացատրեցին նրանով, որ ստիպված էին անդամակցել ՀՀԿ–ին` կարիերայի աճով պայմանավորված։ Սակայն մինչ օրս ՀՀԿ–ի առավել մեծ կորուստը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հեռանալն էր, որ այդ մասին դիմում գրեց 2018 թվականի դեկտեմբերի 14–ին։

Քաղաքագետների կարծիքով, Հովհաննիսյանին կորցնելը բավականին շոշափելի է` չէ՞ որ, նա, ով անցած ընտրություններում կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարն էր, ունի աշխատանքային մեծ փորձ ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդրական ոլորտում։ -0-