Հայերը «ոչ» են ասել ազգային տարազով կովին

11.01.2018, 20:19
Facebook սոցցանցի հայկական սեգմենտում դժգոհություն է առաջացրել «Մեր երկիր» կաթնամթերքի ընկերության գովազդային պաստառը:
Հայերը «ոչ» են ասել ազգային տարազով կովին
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Facebook սոցցանցի հայկական սեգմենտում դժգոհություն է առաջացրել «Մեր երկիր» կաթնամթերքի ընկերության գովազդային պաստառը, որի վրա պատկերված է ազգային տարազով կով։

Պաստառի վրա գրված է եղել` «Ապրեն մեր կովերը»։

Բարձրացած աղմուկի ֆոնին Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել վահանակը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է հասկանալ խնդրի էությունը։

«Տագնապի» առաջին ազդանշանը

Առաջիններից մեկը, ով ուշադրություն է դարձրել այդ գովազդային արշավին, Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Հարություն Մնացականյանն է, ով իր էջում հրապարակել էր պաստառի լուսանկարը։

«Ինձ կարո՞ղ է մի օր մակրոինֆարկտ խփի մեռնեմ պրծնեմ, լավ ո՞նց կարելի է նման գովազդ մտածել հերիք չի, մի հատ էլ իրագործել։ Մարմնի ո՞ր մասով են մտածում»,– վրդովմունք է հայտնել նա։

Իրարանցում Facebook–ում

Հասարակայնության արձագանքը չուշացավ։ Մնացականյանի էջում տեղադրված լուսանկարի տակ սկսեցին հայտնվել բարկացած քաղաքացիների մեկնաբանությունները։
«Իսկապես ցավ եմ ապրում, լացելու աստիճան։ Մեր ազգայինը, մեր դարերով պահած հայրենիքը, մեր մշակույթը, կարճ ասած, այն ինչ հայեցի է ու մերն է, այսօր հողին են հավասարեցնում։ Ուղղակի սարսափում եմ, երբ մտածում եմ, որ կա մի ստվար զանգված, որ նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ են նշանակում ազգային արժեքները»,– ասվում է մեկնաբանություններից մեկում։

«Հետո էլ ասում են` արժեքները ծաղրում են։ Ես առավոտ տեսա ու չեմ ուզում հավատալ»,– գրված է մեկ այլ մեկնաբանության մեջ։

Սակայն կային նաև այնպիսիք, ում գովազդային պաստառը դուր էր եկել։

«Գազան գովազդ են արել։ Ընկել եք եսիմ ինչերի հետևից` տարազը, մշակույթը, գենդերային հավասարությունը, եսիմ ինչը, վայ աման, էս ինչ ա, վայ–վայ–վայ, հումորով է պետք մոտենալ ամեն ինչին, ոչ թե վատ, հետին մտքեր ման գալ»,– գրել է օգտատերերից մեկը։
Ինչու՞ է քաղաքապետարանը գնացել ծայրահեղ քայլերի

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասաց ապամոնտաժման պատճառների մասին։
«Գովազդը չի հաստատվել մեր վարչության կողմից։ Այսինքն, այն անօրինական է տեղադրվել»,– ասաց նա։

Բարաղամյանի խոսքով, վահանակն արդեն ապամոնտաժվել է։

Ընկերության մեկնաբանությունը

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաջողվեց կապվել «Մեր երկիր» ՍՊԸ–ի տնօրեն Վահան Կարապետյանի հետ, ով հայտնեց, որ չի իմացել այդ պաստառի տեղադրման հատուկ թույլտվության անհրաժեշտության մասին։

«Գովազդային տեղերի վարձակալության համար մենք վճարում ենք։ Կփորձենք քաղաքապետարանից տվյալ որոշման պատճառների պարզաբանում ստանալ։ Կարող է` նրանք նորմալ, ադեկվատ պատասխան տան»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Կարապետյանը պատասխանեց նաև սոցցանցերում բացասական արձագանքների մասին հարցին։

«Գովազդը ստեղծվել է հումորային ենթատեքստով, այլ ոչ թե ինչ–որ արժեքներ նվաստացնելու համար, քանի որ ինքներս հասկանում ենք դրանց կարևորությունը և պաշտպանում դրանք։ Չգիտեմ, թե ինչու են մարդիկ որոշել, որ ինչ–որ մեկի փորձում ենք նեղացնել։ Պարզապես պետք է ավելի թեթև և ժպիտով նայել ամեն ինչին»,– ասաց նա։

Կարապետյանը հայտնեց նաև, որ գովազդը ստեղծվել է ընկերության դիզայներական խմբի ջանքերով։ -0-