Երևանը՝ ծիրանագույն երանգներով. կինոտոնի պաշտոնական մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 13. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ տարածաշրջանում ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման պաշտոնական արարողությունը:
Արդեն հաստատված ավանդույթով` «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնը սկսվեց «կարմիր գորգով», որի վրայով անցան անվանի հայ ռեժիսորներ և դերասաններ, արվեստի գործիչներ, դիվանագետներ:
Առաջինը կարմիր գորգի վրայով անցավ, ինչպես և կարգն է, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հատուկ հետաքրքրություն առաջացրեց անվանի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հայտնվելը:
Բայց, բնականաբար, հանդիսատեսը շունչը պահած սպասում էր երեկոյի գլխավոր հերոսուհիներին՝ կինոփառատոնի հատուկ հյուրեր, աշխարհահռչակ դերասանուհիներ Նաստասյա Կինսկիին և Օռնելլա Մուտիին: Կինոաստվածուհիներին ողջունեցին օվացիաներով:
Հետո սկսվեց փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Երեկոն վարում էին ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանհը և աշխարհահռչակ օպերային երգիչ Ջերարդ Փափազյանը:
Արարողությունը սկսվեց վերջերս կյանքից հեռացած լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆի հիշատակը հարգելով, սակայն լռության րոպեի փոխարեն հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց դերասանին, ով «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել էր ցեղասպանությունից փրկված հայի կերպարը:
Այս տարի փառատոնի արտամրցութային ծրագրերից մեկը կոչվում է «Այլևս երբեք…» և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրա հետ կապված՝ պատահական չէր բեմին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հայտնվելը, ով պատմեց Ավրորա Մարդիգարյանի զարմանալի ճակատագրի մասին, ով փրկվել է ցեղասպանությունից և 1919 թ.-ին նկարահանվել հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում՝ նկարահանված նրա հիշողությունների հիման վրա: Բեմ բերվեց Մարդիգարյանի ճամպրուկը, որով նա ճանապարհորդել է աշխարհում՝ ներկայացնելով իր ֆիլմը:
Դեմոյանի ելույթից հետո ցուցադրվեց «Հոգիների աճուրդ» ֆիլմից պահպանված մի հատված: Ցուցադրությունն ուղեկցվեց «Հովեր» երգչախմբի ելույթով: Հավանաբար, դա երեկոյի ամենահուզիչ մասն էր:
Արարողության ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո բեմ բարձրացան երեկոյի գլխավոր հերոսուհիները՝ Նաստասյա Կինսկին և Օռնելլա Մուտին, որոնց հանձնվեցին Փարաջանովի անվան հատուկ մրցանակներ:«Այստեղ գտնվելը քաղցր հեքիաթ է»,- ասաց Կինսկին:
Օռնելա Մուտին, իր հերթին, փառատոնն անվանեց զարմանալի՝ հույս հայտնելով ապագայում ևս մասնակցել դրան:
Երկուշաբթի օրվանից փառատոնն արդեն «կգործի ողջ թափով»: Մրցութային ծրագրերից բացի, հանդիսատեսին սպասում են հատուկ նախագծեր, ցուցադրություններ, երևանյան պրեմիերաներ և վարպետության դասեր:«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի:
«Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:-0-

