Քրքորյանը Հայաստանի համար
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 16–ի լույս գիշերը Լոս Անջելեսում կյանքի 98–րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատեր և Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանը։ Նա հարցազրույցներ չի տվել և հանրության առջև ելույթ չի ունեցել, բայց գրեթե մեկ դար երկարությամբ իր բացառիկ կյանքի ընթացքում այնքան շատ բան է արել, որ իր մեծ ժառանգությունն իսկապես գովասանքի է արժանի։
1988 թվականին Քրքորյանն առաջին անգամ մեծածավալ աջակցություն է ցուցաբերել իր պատմական հայրենիքին, որն այն ժամանակ աղետալի վիճակում էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո և օգնության կարիք ուներ ինչպես երբևէ։
Եվ Քրքորյանն օգնության ձեռք է մեկնել։ Նա ֆինանսավորել է իր իսկ ստեղծած Միավորված հայկական հիմնադրամը (ՄՀՀ) և կոչ արել սփյուռքի բոլոր մյուս հիմնադրամներին և կազմակերպություններին մասնակցել դրան։
Հինգ տարի անց` 1993 թվականին, Հայաստանը կրկին հայտնվեց սոցիալ–տնտեսական ծանր իրավիճակում, որն ուղեկցվում էր էր ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններով։ Շրջափակման մեջ գտնվող երկիրը ձմռան նախաշեմին վառելիքի մեծ կարիք ուներ։ Միջոցների հավաքագրում էր կազմակերպվել ամբողջ սփյուռքում, ինչի շնորհիվ հաջողվեց հավաքել 7 մլն դոլար, և Քրքորյանը եռապատկեց այդ գումարը։
Անցավ ևս հինգ տարի։ 1998 թվականին Քրքորյանն ավելի քան 200 մլն դոլար զոհաբերեց երկրաշարժից տուժած մարդկանց կյանքերը բարելավելու, Հյուսիս–Հարավ մայրուղու նախագծման, ինչպես Երևանի, այնպես էլ ողջ Հայաստանի պատմամշակության ժառանգության վերականգնմանը։
Հենց նրա «Լինսի» հիմնադրամի շնորհիվ կառուցվեցին տասնյակ բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ։ Հարյուրավոր մանկական կյանքեր հաջողվեց փրկել բացառապես նրա միջոցներով ձեռքբերած դեղորայքի շնորհիվ։
Քրքորյանի վերջին նախագիծը Հայոց ցեղասպանության թեմայով հոլիվուդյան «Խոստում» պատմական կինոէպոսի ֆինանսավորումն էր։ Ֆիլմում կխաղան հոլիվուդյան հայտնի դերասաններ։
Կյանքից հեռացավ մեծ բարերար, ով յուրօրինակ կամուրջ դարձավ իր պատմական հայրենիքի և բազմամիլիոնանոց սփյուռքի միջև։ Փառասիրությունից ուղղակիորեն զուրկ Քրքորյանը մերժում էր իր անունով հաստատություններից գոնե մեկը կոչելու ցանկացած առաջարկություն։ Սակայն նրա մասին հիշատակը կմնա երախտապարտ հայրենակիցների բազմաթիվ սերունդների սրտերում։ -0-

