Կոպենհագենում հանդիսավոր կերպով մեկնարկել է «Եվրատեսիլ 2014»–ը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի երեկոյան Կոպենհագենում հանդիսավոր կերպով մեկնարկել է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Արամ MP3-ը։
Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենք տանող կարմիր գորգի վրա առաջինը հայտնվեց Էմիլի դե Ֆորեստը, ում շնորհիվ Եվրատեսիլ 2014–ն անցկացվում է Դանիայում, նախորդ տարի նա հաղթել էր Եվրատեսիլում «Only Teardrops» երգով։ Նրանից հետո կարմիր գորգի վրայով անցան 37 մասնակից–երկրների պատվիրակությունները։
Վերջինը կարմիր գորգի վրայով անցավ Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը, ով մրցույթին հանդես կգա Tick-Tock երգով։ Եվրատեսիլ–2014–ի բացման արարողությանը ներկա էր նաև Կոպենհագենի քաղաքապետ Ֆրանկ Յենսենը, նա հույս հայտնեց, որ Եվրատեսիլ–2014–ը բոլորի համար մեծ տոն կդառնա։
Այս տարի Եվրատեսիլին կմասնակցի 37 երկիր։ Մայիսի 6–ին կայանալիք առաջին կիսաեզրափակչին կներկայանա 16 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, իսկ մայիսի 8–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 15 երկիր։ Մրցույթի հիմնադիր երկրները («մեծ հնգյակ»` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Իտալիա) և երգի մրցույթի հյուրընկալող երկիրը միանգամից ելույթ կունենան մայիսի 10–ին կայանալիք եզրափակչին։–0–

