Ղարաբաղը պաղեստինա-իսրայելական հակամարտության պրիզմայի միջով
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները որոշակի կարևորություն են ներկայացնում նմանատիպ հակամարտությունների, այդ թվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։
Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտած մոտեցումներն են՝ Իսրայելի և Պաղեստինի համագոյակցության ապագա մոդելի իր տեսլականի մասին։ Ամերիկացի նախագահը, մայիսի 22-ին հանդես գալով Վաշինգտոնում AIPAC (Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտե) համաժողովին, մի շարք առանցքային հայտարարություններ արեց ազգամիջյան ցանկացած հակամարտությունների կարգավորման առանցքային երկու բաղադրիչների՝ կարգավիճակի և անվտանգության հարցերի վերաբերյալ։
Կարգավիճակի հարցի առանցքային գաղափարը պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումն է երկու պետությունների՝ որպես հրեական պետություն Իսրայելի և որպես պաղեստինի ժողովրդի Պաղեստին պետության գոյության հիման վրա։ Այս պետությունների գոյությունը հիմնվում է ինքնորոշման, փոխըմբռնման և խաղաղության սկզբունքների վրա։ Միաժամանակ Օբաման կոչ է անում ինչպես հրեաներին, այնպես էլ պաղեստինիներին՝ ճանաչել միմյանց։ Այսպես, ամերիկացի նախագահը հայտարարեց, որ Իսրայել պետության գոյությունը և նրա լեգիտիմությունը չպետք է քննարկման առարկա լինեն։
Ինչ վերաբերում է անվտանգության հարթությանը, ապա այստեղ ամերիկացի նախագահը դիտարկում է հարցերը գաղափարախոսական և քաղաքական կտրվածքներով։ Գաղափարախոսական ասպեկտները վերաբերում են ծայրահեղություններից, օրինակ, այս կամ այն կողմը ոչնչացնելու գործողություններից, մտադրություններից և հռետորությունից հրաժարմանը։ Այստեղ հիմնական շեշտը երկխոսության մթնոլորտի և բոլոր հարցերը հենց այս հունում լուծելու վրա է։ Օբամայի հնչեցրած քաղաքական ասպեկտները նույնպես բավականին հետաքրքիր են։ Օբաման հայտարարեց, որ Պաղեստինի և Իսրայելի միջև սահմանները պետք է որոշվեն բանակցությունների և փոխընդունելի փոխզիջման միջոցով։
Այսպիսով, Օբաման անհնար ճանաչեց անցյալին վերադառնալը և փաստորեն կոչ արեց առաջնորդվել ներկայի իրողություններով՝ հաշվի առնելով նաև իրավիճակի հնարավոր զարգացումն ապագայում։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա այստեղ Սպիտակ տան ղեկավարը բավականին կարևոր փաստարկ բերեց։ Ըստ նրա, կողմերը, մասնավորապես, Իսրայելը, պետք է ի վիճակի լինի պաշտպանել ինքն իրեն, ինքնուրույն, ընդ որում՝ ցանկացած տեսակի սպառնալիքից։ Սա նշանակում է, որն անվտանգության համակարգի ապագա ուրվագիծը պետք է այնպիսին լինի, որպեսզի խաղաղության հասնելուց հետո մի կողմը կարողանա իրեն պաշտպանել և իր անպաշտպանվածությամբ չհրահրի ռևանշիզմ և հակառակ կողմի ագրեսիան։
Այն, ինչ հնչեցրեց Օբաման պաղեստինա-իսրայելական հակամարտության մասով, կարելի է ընդհանուր առմամբ տեղափոխել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության դաշտ։ Հատկապես մտածելու տեղ ունի Ադրբեջանը։ Բաքուն պետք է գիտակցի, որ վերադարձ դեպի անցյալ չկա և լինել չի կարող։ Եթե նա նույնիսկ ուժ կիրառի, ապա, միևնույն է, վերադարձ դեպի անցյալ ըստ սահմանման չի կարող լինել։ Միանգամայն այլ իրավիճակ կստեղծվի՝ անկախ տվյալ ավանտյուրայի արդյունքից։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ֆաշիստական և ահաբեկչական հայտարարություններից Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանը պետք է նաև երկխոսություն սկսի Արցախի հետ, և միայն դրա հիման վրա հնարավոր կլինի հակամարտության համապարփակ կարգավորման հասնել։
Անշուշտ, այս փուլում Ադրբեջանից կառուցողական քայլերի սպասել չարժե։ Այն պետության վարքում, որը բարձրաստիճան շահիդ պաշտոնյաների շուրթերով սպառնում է խփել քաղաքացիական ինքնաթիռները, տեսանելի ապագայում դժվար թե կարելի լինի էական փոփոխություններ ակնկալել դեպի լավը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի հայտարարությունները, կարծես, պետք է ինչ-որ աստիճանով բաքվեցի իշխողներին ցույց տան ծայրահեղականության և ահաբեկչության ողջ անհեռանկարությունը։ -0-
Դավիթ Բաբայան, քաղաքագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

