ԶԼՄ-ները կգոյատևեն, եթե կատարելագործվեն
«ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից կազմակերպված Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումն ավարտեց աշխատանքը Կիևում: Ֆորումին մասնակցեցին ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների երեք հարյուրից ավելի ղեկավարներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և հասարակական գործիչներ:
Երկու օրվա ընթացքում մեդիահանրության ներկայացուցիչները քննարկեիցն եվրոպական-ասիական տարածաշրջանում տեղեկատվական փոխգործակցության խնդիրները, մուլտիմեդիոն տեխնոլոգիաների զարգացումը և թվային կրիչներին անցումը, ԶԼՄ-ների կոնվերգենցիան, ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների տերերի միջև մրցակցությունը:
Նոր տիպի լրագրություն
Ֆորումի ընթացքում ակտիվ բանավեճ եղավ սոցաիալան ցանցերի ֆենոմենի թեմայով, հատկապես այն մասին, որ նոր տեխնոլոգիաները, առաջին հերթին՝ Ինտերնետը և սոցիալական ցանցերը, դարձել են ԶԼՄ-ների գլխավոր մարտահրավերը ժամանակակից աշխարհում:
Այս առումով ուշագրավ են «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկի նկատառումները, որ նա արեց ֆորումի բացման ժամանակ: Ըստ նրա՝ այսօր արդիականացվում է հենց լրագրողի մասնագիտությունը, ջնջվում են ինֆորմացիայի տարբեր տիպի կրիչների, տարբեր տեխնոլոգիական հարթակների սահմանները:
«ԶԼՄ-ների ռազմավարական խնդիրը նոր տիպի լրագրող, այսպես կոչված, համակարգչի սերնդի լրագրող պատրաստելն է, ինչպես նաև ավանդական լրագրողների վերաորակավորումը և վերապատրաստումը»,- ասաց «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիրը՝ բացելով ֆորումը՝ այդ կերպ մատնանշելով ողջ միջոցառման գլխավոր թեման:
Սովորել, սովորել, սովորել
Մշտապես փոփոխվող աշխարհում մրցունակ մնալու համար լրագրողները պետք է կատարելագործեն պրոֆեսիոնալ հմտությունները, յուրացնեն նոր տեխնոլոգիաներ և տեղեկատվության փոխանցման միջոցներ: Ինչպես նշել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, բազմաթիվ ժամանակակից լրագրողներ կարծում են, որ ԶԼՄ-ներում աշխատելու համար ամենևին էլ պարտադիր չէ համապատասխան կրթություն ունենալ, քանի որ իսկական լրագրող լինելը շնորհ է:
Որպեսզի մասնագիտությունը հետընթաց չապրի
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկը, ով ֆորումի հյուրերից մեկն էր, անդրադարձավ ողջ հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող լուրջ խնդրի: «Մենք լրագրողական կադրերի պատրաստման բավականին լուրջ անհրաժեշտություն ենք տեսնում», - ասաց նա:
Հետ չմնալ առաջընթացից
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Սվետլանա Սորոկինան ակտիվորեն պաշտպանեց այն թեզը, որի համաձայն՝ լրագրողը պետք է մշտապես սովորի:
«Խնդիրը տարիքը չէ, ոչ էլ գիտելիքների պաշարը, այլ այն, թե որքանով է ձեզ հետաքրքրում լրագրողի մասնագիտությունը և որքանով է ձեզ կյանքը ստիպում յուրացնել որոշ հմտություններ», - ասել է Սորոկինան:
Նրա խոսքերով՝ արևմտյան երկրներում հեռուստահաղորդավարները տարիքով ավելի մեծ են ռուս և հետխորհրդային շրջանի իրենց գործընկերներից, սակայն դա մեծ մասամբ կապված է ոչ թե ավանդույթների, այլ մուլտիմեդիոն տեխնոլոգիաները յուրացնելու պատրաստակամության հետ:
«Ես ավելի քան վստահ եմ, որ Լարի Քինգը (CNN հեռուստաալիքի 76-ամյա հաղորդավարը) բոլոր տեխնոլոգիաներն արդեն յուրացրել է, տեղյակ է վարկանիշերից, կողմնորոշվում է մեդիատարածքում: Այստեղ խնդիրն այն է, որ հարկավոր է մշտապես պատրաստ լինել նոր մարտահրավերների: Դժվար է, սակայն ի՞նչ արած...», - ընդգծեց Սորոկինան:
Մրցակցությունից դուրս
Տեխնոլոգիաների զարգացումը և ինտերնետի «մուտքը» ԶԼՄ-ների ոլորտ, ըստ էության, անիմաստ է դարձնում նոր ավանդական ԶԼՄ-ների ստեղծումը, քանի որ նրանք չեն կարող մրցել կոնվերգենտային նախագծերի հետ, որոնք տեղեկատվություն են տրամադրում տարբեր խողովակներով, նման կարծիք է հայտնել «Մոսկովսկիե նովոստի» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Գուրևիչը:
«Տպագիր հրատարակությունների խմբագրերը սկսում են ավելի հաճախ իրենց հարց տալ՝ ինչու՞ այդ մասին գրել, եթե մեզանից այդ թեման խլել է ոչ միայն հեռուստատեսությունը, այլ դեռ հեռուստատեսությունից առաջ այդ մասին օրվա մեջ հինգ անգամ գրել են ինտերնետում», - ֆորումում ելույթ ունենալիս նշել է նա:
ԶԼՄ-ներն ու իշխանությունը
«Չի կարելի ամեն ինչ իշխանությունից պահանջել: Կան աշխարհի տարբեր երկրներում աշխատող մեծ թվով լրագրողներ: Մենք այնքան շատ ենք, և եթե ամեն մեկը ձգտի մի փոքր ավելի լավ աշխատել, ապա իշխանությունները ևս ստիպված կլինեն հաշվի առնել մեր խոսքը», - ասել է Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, մեդիամենեջեր Մանանա Ասլամազյանը:
Ֆորումի խնդիրներից է երկխոսություն կազմակերպել ԶԼՄ-ի և իշխանության միջև:
Ֆորումի վերջում որոշում ընդունվեց կրկին հավաքվել մեկ տարի անց: Այս անգամ մեդիահանրության ներկայացուցիչներին կհյուրընկալի Ղազախստանի մայրաքաղաք Աստանան:-0-

