Մարդասպանը հերո՞ս
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուդապեշտ կատարած պետական այցելության ժամանակ երախտագիտության խոսքեր է հայտնել հունգարական արդարադատությանը, Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա և արդարացի կեցվածքի համար: Սպա Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գործուղվել էր Բուդապեշտ անգլերենի դասընթացներ անցնելու, քնած ժամանակ կացնով գազանաբար սպանվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, ով ևս նույն դասընթացների մասնակիցներից էր:
Այս վայրենի, անմարդկային հանցագործությունը մեծ իրարանցում էր առաջացրել ողջ աշխարհում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել էր, որ նման գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում քաղաքակիրթ շրջանակների մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ այս զազրելի չարագործությունը մինչև հոգու խորքը ցնցել է ոչ միայն իրենց, այլև այս մոլորակի վրա ապրող ցանկացած նորմալ մարդու:
Բուդապեշտում նախագահը վստահություն է հայտնել, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը (ցմահ բանտարկություն՝ 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի), այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաև այլ պետություններում:
Սարգսյանը ցավալի և ողբերգական է համարել այն հանգամանքը, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն:
Իսկապես, հնգամյա վաղեմություն ունեցող դաժան հանցագործությունը սկսեց օգտագործվել որպես ադրբեջանական քարոզի հերթական գործիք, իսկ Ռամիլ Սաֆարովը հաշվենկատ և անգութ մարդասպանից Բաքվում վերածվեց ազգային հերոսի և նույնիսկ տարվա մարդ ճանաչվեց Ադրբեջանում: Եվ այստեղ խոսքը ոչ թե մոլեռանդ ազգայնամոլների դիրքորոշման մասին է, այլ՝ ադրբեջանական քաղաքական վերնախավի:
Հանցագործին պաշտպանելու համար գործի դրվեցին բոլոր ուժերը: Հունգարական կողմի վրա գործադրվում էր ուղղակի և անուղղակի ճնշում: Իսկ Սաֆարովը, ով սկզբից անմեղսունակ էր ձևանում, դատական նիստի ավարտին վերջապես սկսեց խոսել՝ մատնելով Բաքվում ստեղծված հակահայկական քարոզի կնիքները, որն արդեն հասցրել է ձանձրացնել:
Չկարողանալով դատական գործընթացի և բողոքարկման ժամանակ հասնել որևէ արդյունքների՝ ադրբեջանական կողմը որոշեց փորձել ազատ արձակել մարդասպանին շրջանցիկ միջոցներով՝ այդ գործընթացը անվանելով «դատապարտյալի հայրենադարձություն»:
Այս ծրագրի իրագործման նպատակով արդեն գործի էր դրվել ադրբեջանական պետական մեքենան՝ գլխավոր դատախազության և Արդարադատության նախարարության մակարդակով: Ասում են, թե հանցագործի ազատ արձակման համար ջանքեր է գործադրել նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ տարի Բուդապեշտ կատարած իր այցի ժամանակ: Ճիշտ է սա, թե ոչ, ոչ ոք հստակ չի իմանա, սակայն այն, որ պաշտոնական Բաքուն համարյա պաշտոնապես պաշտպանում էր իր «հերոսին», ակնհայտ էր անզեն աչքով: Եվ այստեղ ևս, ամենայն հավանականությամբ, գործի դրվեց տխրահռչակ նավթային և էներգետիկ գործոնը, որով անդադար պարծենում է Ադրբեջանը:
Եվ հենց գայթակղության և մեղմ շանտաժի դիմակայության ներքո է դրսևորվում պաշտոնական Բուդապեշտի աներկբայությունը: Չէ՞ որ ամեն երկիր չէր կարող անդրդվելի մնալ «օտար» խնդրի բեռը սեփական ուսերից գցելու գայթակղության առջև՝ փոխանցելով մարդասպանին իր հովանավորներին՝ փոխարենը ստանալով լուրջ առավելություններ:
Սակայն Հունգարիան անդրդվելի մնաց, գործարք չկապեց սեփական խղճի հետ՝ ապացուցելով, որ իսկական եվրոպական պետություն է, որի համար արդարադատությունը բացարձակ գերակայություն է:
Հետևաբար, մարդասպանին բախտ չի վիճակվի վերադառնալ հայրենիք որպես ազգային հերոս: Իր կյանքի մեծ մասը նա կանցկացնի ճաղերի ետևում: Իսկ եթե նույնիսկ տասնամյակներ անց դուրս գա, ապա դժվար թե նոր ժամանակն իր արյունարբու ծառայությունների կարիքը ունենա:
Ըստ էության, այդքան էլ կարևոր չէ, թե Սաֆարովն ինքն է որոշել սպանություն կատարել, թե նրան ենթարկել են հոգեբանական մշակման: Կարևոր է մեկ այլ բան՝ ադրբեջանական քարոզչամեքենան ողջ հայության նկատմամբ թշնամանք սերմանելու իր համարյա թե գեբելսյան վարքով նորանոր «սաֆարովներ» է ծնում: Նման կերպ պաշտոնական Բաքուն իրեն դեպի փակուղի է տանում: Չէ՞ որ ձևավորելով անհամբեր, ագրեսիվ և բարդույթներով լի հասարակություն՝ դժվար կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որևէ բեկումնային քայլի գնալ: Իսկ այս խնդրի լուծումը պահանջում է հենց խիզախ և յուրօրինակ լուծումներ:
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

