Շաբաթվա արդյունքները. խմորումներ ընդդիմադիր կուսակցությունում և հայ-թուրքական կարգավորման «ներքաղաքական խորհրդակցություններ»

15.09.2009, 16:45
Շաբաթվա արդյունքները. խմորումներ ընդդիմադիր կուսակցությունում և հայ-թուրքական կարգավորման «ներքաղաքական խորհրդակցություններ»
Շաբաթվա արդյունքները. խմորումներ ընդդիմադիր կուսակցությունում և հայ-թուրքական կարգավորման «ներքաղաքական խորհրդակցություններ»

Բացի ավանդական դարձած հայ-թուրքական հարաբերությունների քննարկումներից, այս շաբաթ Հայաստանում քննարկվում էր նաև մեկ այլ թեմա՝ «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության ներսում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:

Կուսակցությունն իր շարքերից հեռացրեց կուսակցության երեք անդամների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավոր Վարդան Խաչատրյանին, ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանին, ևս երեք շարքային կուսակցակաների:

Գործնականում որևէ կարծիք կամ մեկնաբանություն այս առթիվ չհնչեց: «Ժառանգության» ներկայացուցիչները, կարելի է ասել, զերծ են մնում մեկնաբանություններից, իսկ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները դա կուսակցության ներքին հարցն են համարում:

Բացի այդ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Այդ տեղեկատվությունը կուսակցությունում նույնպես չկամեցան մեկնաբանել:

Պատգամավորական լիազորությունները վայր դրեց նաև մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Երևանում 2008 թվականի մատի 1-2-ի գործով անցնող  Խաչատուր Սուքիասյանը:

«Ինձ և իմ գործընկեր-պատգամավորների հետ տեղի ունեցածը, Հայաստանի Ազգային ժողովի ոչ սկզբունքային դիրքորոշման և պատգամավորների անհասկանալի քվեարկության արդյունքում, ինձ թույլ են տալիս եզրակացության հանգել, որ ես այլևս ոչինչ չունեմ անելու այս խորհրդարանում և ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանի ԱԺ պատգամավոր, ուստի վայր եմ դնում պատգամավորական մանդատը։ Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»,- նման հայտարարություն արեց Սուքիասյանը:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական հանրությունն, առաջվա պես, չի եկել միասնական կարծիքի։ Եվ,  առաջվա պես, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները շարունակում են հնչեցնել իրենց տեսակետները:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը  կարծիք հայտնեց, որ  հայ-թուրքական կարգավորման արձանագրությունների վավերացումն առանց Կարսի պայմանագրի դենոնսացիայի կարող է հանգեցնել Հայաստանի իշխանության վերջնական ապակայունացման:

«Եթե հայկական իշխանությունները քայլեր ձեռնարկեն արձանագրւոթյունների ստորագրման ուղղությամբ` առանց Կարսի պայմանագրի նախնական դենոնսացիայի, որն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, դա կլինի հանրապետության կառավարման՝ առանց այդ էլ խարխլված համակարգի վերջնական փլուզում»,-նշեց Մելիքյանը:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը  ևս կարծում է, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

«Շատ պարզամիտ է այն, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, քանի որ, ունենալով թուրքական դիվանագիտության մասին գերազանց պատկերացումներ, կարող եմ ասել, որ Հայաստանը պատրաստ չէ մրցել նրա հետ սկսված  գործընթացում»,- հայտնեց Աբրահամյանը:

Վատատեսորեն է տրամադրված նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Փաստաթղթի ստորագրումով մենք սկիզբ ենք դնում հայ ազգի պառակտմանը, ինչը մեծ վտանգ է, որը պետք է գիտակցաբար կանխել»,- ասաց Մարգարյանը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է և Հայաստանին, և Թուրքիային:  Ավելին, նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բխում է նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից:

«Ռուսաստանը հատկապես շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը մուտք կունենա Հայաստան»,- ասաց պատգամավորը:

Իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների առիթով հայտնեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը երեք կողմի է  առնչվում՝ Հայաստանին, Ադրբեջաննին ու Թուրքիային:

«Ես չեմ բացառում այն հավանականությունը, որ ներկայիս փուլում գոյություն ունի մի ներքին պայամանավորվածություն Ադրբեջանի կողմից իրավիճակը չսրելու ուղղությամբ»,- ասաց Դեմոյանը:

Փարձագետը չբացառեց նաև, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչև տարեվերջ:

«Սկզբնական փուլում հնարավոր է բացել միայն ավտոմայրուղին` գոնե այն պատճառով, որ գոյություն ունի երկաթուղային գծերի վերականգնման հարցը: Ընդհանուր առմամբ` կարող է վերականգնվել ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային հաղորդակցությունը, ընդ որում` շաբաթը մեկ կամ երկու անգամ»,- նշեց Դեմոյանը:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ  ինչպիսի համաձայնագիր էլ ստորագրվի Հայաստանի և Թուրքիայի միջև, այն պետք է պարունակի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման տարրեր:

Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նախորդ շաբաթ ղարաբաղյան կարգավորման համատեքստում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ նշանակվեց դեսպան Ռոբերտ Բրադտկեն (Robert Bradtke):

Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելուց գրեթե անմիջապես հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ պատրաստ էաշխատել ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի հետ:

«Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում  փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի  նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ այսուհետ ևս լուրջ ուշադրություն կդարձնեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կնպաստեն բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը այն առումով, որ այս գործընթացը առաջ շարժվի և ունենա դրական արդյունքներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հարցը և հայ-թուրքական հարաբերությունները քննարկվեցին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի հանդիպմանը՝ հայկական պետության ղեկավարի՝ Խորվաթիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:

«Ինքնորոշման համար պայքարող ժողովուրդների նկատմամբ ուժի կիրառումը միայն ամրագրում է այդ ժողովրդի իրավունքը` իրավական, քաղաքական և բարոյական դաշտերում»,- ասաց Սարգսյանն այս կապակցությամբ: -0-