Ադրբեջանը կվճարի՞, արդյոք, պարտքերը

05.03.2016, 14:00
Բաքուն ի վիճակի չէ վճարել Ռուսաստանին ավելի վաղ ստորագրած սպառազինության համաձայնագրերում ամրագրված գումարները:
Ադրբեջանը կվճարի՞, արդյոք, պարտքերը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Կոմերսանտ» պարբերականը հինգշաբթի հայտնել էր, թե Բաքուն ի վիճակի չէ վճարել Ռուսաստանին ավելի վաղ ստորագրած սպառազինության համաձայնագրերում ամրագրված գումարներն էներգակիրների գների կտրուկ անկման պատճառով: Ռազմատեխնիկական գործակցության ոլորտում առաջացած խնդիրները կարգավորելու համար Ադրբեջանի մայրաքաղաք էր մեկնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Իրավիճակը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեկնաբանեցին նաև հայ փորձագետները:

Ռուսաստանը կարող է ստիպելով ստանալ փողը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտնել է, որ Ռուսաստանը ձև կգտնի ստիպել Ադրբեջանին վճարել, եթե վերջինս իր կամքով չվճարի սպառազինությունների մատակարարման ռազմական պայմանագրերում ամրագրված պայմաններին համապատասխան:

«Բաքուն իսկապես լուրջ խնդիրներ ունի ոչ միայն ռուսական պայմանագրի վճարման հարցում: Կարելի է նկատել, որ ադրբեջանական լոբբինգի մակարդակը նույնպես շատ է իջել, և Խոջալիի իրադարձությունների լուսաբանմանը նվիրված ակցիաներն այս տարի շատ թույլ էին»,- նշեց նա:

 Բաքուն փորձում է սակարկել...

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ է, և դա երևում է նաև նրանից, թե ինչպես են նրանք սեքվեստավորում բյուջեն, թե ինչ կորուստներ է կրում նավթային ֆոնդը և Կենտրոնական բանկը:
«Կարծում եմ, որ այստեղ հարցը կարելի է դիտարկել ոչ միայն ադրբեջանական տնտեսության տեսանկյունից, քանի որ սնանկացման մասին խոսք չկա: Կարծում եմ, սա էլ է սակարկության առարկա, այսինքն, նրանք փորձում են սակարկել` հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ձգտում է երկու ճակատով խաղալ և զենք վաճառել և Հայաստանին, և Ադրբեջանին»,- ավելացրեց նա:

Փորձագետի խոսքով, Ադրբեջանն այսօրվա դրությամբ ռուսական զպառազինության հիմնական գնորդն է և կարող է իր հերթին պայմաններ թելադրել:

«Այնպես որ իրավիճակը բարդ է: Այն այդքան էլ լավը չէ, և միաժամանակ Ադրբեջանը փորձում է սակարկել»,- ավելացրեց Մարտիրոսյանը:

Ադրբեջանն էականորեն կրճատել է ռազմական բյուջեն

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների ղեկավար Սերգեյ Մինասյանը միաժամանակ կարծում է, որ, դատելով պաշտոնական տեղեկությունից, Ադրբեջանի տնտեսական իրավիճակն այս պահին բավականին բարդ է:
«Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն էապես կրճատվել է, տարբեր գնահատականներով`40-50%-ով, գրեթե ամբողջությամբ կրճատվել է 2016 թվականի սպառազինության գնումների առանձին տողը»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով, Ռուսաստանի տարածքում Ադրբեջանը բավականին մեծ թվով ակտիվներ ունի, այդ թվում` պետական նավթային ընկերության ակտիվներ:

«Կարծում եմ` որոշումը փոխզիջումային պետք է լինի, չեմ կարծում, թե Ադրբեջանը կորոշի կամ ի վիճակի կլինի «քցել» ռուսական կողմին»,- ավելացրեց նա:


Ադրբեջանը զենքի շուկայի խոշոր խաղացող է, և Ռուսաստանը չի պատրաստվում նրան կորցնել, գրում է «Կոմերսանտը»: 2010-2014 թվականներին Բաքուն Մոսկվայի հետ С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոնների, Тор-2МЭ զենիթահրթիռային համակարգերի մի քանի մարտկոց, մոտ հարյուր մարտական և տրանսպորտային ուղղաթիռների գնման պայմանագրեր է կնքել:

Ստորագրվել են նաև Т-90С հարյուր տանկերի և БМП-3 հետևազորային մարտական մեքենաների մոտ 100 միավորի, «Мста-С» տասնութ ինքնագնաց հրետանային համակարգերի և ТОС-1А ծանր հրանետ համակարգերի, ինչպես նաև «Սմերչ» համազարկային կրակային ռեակտիվ համակարգերի գնման պայմանագրեր:

Այսպիսի փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է ոչ պակաս քան 4 մլրդ դոլար: «Կոմերսանտի» մի քանի աղբյուրների խոսքով, պայմանագրերի մեծ մասն արդեն կատարվել է` օրինակ, 2015 թվականին ադրբեջանցի զինծառայողները ստացել են 2010 թվականին պատվիրած 40 Ми-17В1 ուղղաթիռներից վեցը: Մնացել է մատակարարել ևս որոշակի թվով տանկեր, հետևազորային զրահամեքենաներ և մի շարք հրետանային համակարգեր, ամենայն հավանականությամբ, այդ մատակարարումներն էլ կքննարկվեն:

Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները սուր բացասական արձագանք են գտնում Հայաստանում: Բազմաթիվ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ դժգոհ են նրանից, որ Հայաստանի ռազմատեխնիկական դաշնակիցը զինում է Ադրբեջանին, որը փաստացի պատերազմի մեջ է Երևանի հետ:–0--