Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն, ով 2017թ.–ի փետրվարի 1–ին դատապարտվել է 2 տարի ազատազրկման Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու համար, ազատ է արձակվել։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։
Ինչ է տեղի ունեցել
2018թ.–ի նոյեմբերին պաշտոնական Բաքուն հանդես եկավ գերիների փոխանակման գաղափարով` «բոլորը բոլորի դիմաց» սխեմայով` առաջարկելով ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր դատապարտվել են Արցախում մի շարք հանցագործություններ կատարելու համար։ Հայաստանն ավելի վաղ արդեն մերժել էր` նշելով, որ հայկական կողմում չկան ադրբեջանցի գերիներ։
Որպես մարդասիրական ժեստ Արցախի իշխանությունները 2018թ.–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են օրենքի շրջանակում քննարկել Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեին վաղաժամ ազատելու հնարավորությունը, ով չի կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ Արցախի տարածքում։
Պաշտոնական մեկնաբանություն
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությանը, նշել է, որ Ադրբեջանի քաղաքացին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, և դա լիովին տեղավորվում է նման հարցերի նկատմամբ իրավական մոտեցման շրջանակներում։
«Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նացիզմը վեր է հանված պետականաստեղծ գաղափարախոսության մակարդակի վրա, Արցախի Հանրապետությունը քաղաքակիրթ իրավական պետություն է, որտեղ բացակայում է ազգամիջյան թշնամանքը, չկա խտրականություն որևէ, այդ թվում` էթնիկ հատկանիշներով և որտեղ առաջնորդվում են ժողովրդավարության նորմերով։ Այդ պատճառով մեզ համար բնական է Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակումը` օրենքի տառին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», – նշել է Բաբայանը։
Նա նաև ընդգծել է, որ Հուսեյնզադեն այն հանցավոր ահաբեկչական խմբավորման անդամ չէ, որը 2014թ.–ի ամռանը կազմակերպել և իրականացրել է դիվերսիոն–սադրիչ գործողություններ Արցախի դեմ։
Մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև ազատության մեջ հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետագա ճակատագրին։
«Հիշեցնեմ, որ նա ժամանակին հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան`շատ լավ հասկանալով, թե ինչ է նրան այնտեղ սպասվում։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ ընտրում են երրորդ երկիր։ Կարծում եմ` նրա նկատմամբ ևս կկիրառվի նման դեպքերում ընդունված միջազգային պրակտիկան», – ասել է Բաբայանը։–0–

