Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ

29.11.2016, 18:34
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Մասնավորապես, փոփոխություննե րոնք հակաբիոտիկներ կվաճառեն առանց բժշկի համապատասխան նշանակման։ րի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է տուգանել այն դեղատներին, ո

Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:

Վճռական «ոչ» հակաբիոտիկների սխալ ընդունմանը

ՀՀ ԱՆ` Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը «Նովոստի-Արմենիա» հայտարարեց, որ հակաբիոտիկները դեղատոմսով վաճառելու վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: «Դա ճիշտ պահանջ է, քանի որ հակաբիոտիկները պետք է վաճառվեն միայն դեղատոմսով: Հենց բժիշկը պետք է հետազոտի հիվանդին, ունենա անալիզների պատասխանը նշանակում կատարելու համար», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, արդյոք դա չի՞ ստեղծի լրացուցիչ խնդիրներ հիվանդների համար, քանի որ բժիշկները միշտ չէ, որ հասանելի են և հաճախ նշանակում են անում հեռախոսով` Ղազարյանն ասաց, որ ավելի լավ է ընդհանրապես չընդունել հակաբիոտիկներ, քան սխալ անել դա:

«Փորձը ցույց է տալիս, որ հակաբիոտիկները հաճախ սխալ են օգտագործվում: Դրանք կարելի է օգտագործել միայն ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում, ընդ որում, հարկավոր է նաև իմանալ, թե որ ինֆեկցիայի հետ գործ ունեք», - ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով, հակաբիոտիկների ընդունման մեջ ուշացումը մեկ-երկու օրով առողջության համար վտանգ չի ներկայացնում: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ հիվանդը չի կարող գնել բուժման ամբողջական կուրսի համար անհրաժեշտ դեղերը, ապա այժմ ստեղծվում են այդ խնդիրները լուծող մեխանիզմներ:

«Հիմա մշակվում է դեղատոմսերով հակաբիոտիկների դուրս գրման և դեղատներում դրանց վաճառքի գործընթացը: Նորամուծությունը չի վերաբերում հակաբիոտիկներ պարունակող կաթիլներին և քսուքներին, որոնք, ինչպես և նախկինում, կվաճառվեն առանց դեղատոմսի», - ասաց Ղազարյանը:

Շուկայի դերակատարների կարծիքը

Երևանի մի շարք դեղատների աշխատակիցներ հայտնեցին մեզ, որ հակաբիոտիկների վաճառքի խստացման որոշումը կկարգավորի ոլորտը, սակայն կհանգեցնի պահանջարկի կրճատման:

«Երբեմն մարդիկ մեզ նկարագրում էին հիվանդության ախտանիշները, իսկ մենք խորհուրդ էինք տալիս այս կամ այն դեղամիջոցը: Այժմ նրանք կգան դեղատոմսերով` հստակ իմանալով, թե ինչ է իրենց անհրաժեշտ», - ասաց դեղատներից մեկի աշխատակիցը:

Միայն դեղատոմսով հակաբիոտիկների վաճառքը կսահմանափակի ինքնաբուժությունը և կնվազեցնի ռիսկերը. հայ փորձագետ>>
 
Դեղատների որոշ աշխատակիցներ կարծիք հայտնեցին, որ այդ դողամիջոցների վաճառքի պայմանների խստացումը դրական ազդեցություն կունենա, քանի որ մարդիկ կդադարեն հակաբիոտիկներ գնել միայն այն պատճառով, որ նրանց ինչ-որ մեկը խորհուրդ է տվել:

«Հետո նրանք բողոքում են և դժգոհում, որ դեղորայքը չի օգնել, մինչդեռ այն չէր էլ կարող օգնել», - ասացին գործակալության զրուցակիցները:

Ժողովրդի ձայնը

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է նաև մայրաքաղաքի դեղատների մի շարք հաճախորդների հետ` նորարարության վերաբերյալ իրենց կարծիքն իմանալու նպատակով: Մարդկանց մեծամասնությունը դժգոհություն է հայտնել, քանի որ կարծում է, որ դա լրացուցիչ դժվարություններ կմտցնի իրենց առանց այդ էլ դժվար կյանքում:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչիպիսի հակաբիոտիկներ են պետք ինձ կամ իմ երեխային: Դրա համար պոլիկլինիկա դիմելն անիմաստ է: Առավել ևս, որ հիվանդությունը կարող է սկսվել ամենաանհարմար պահին, օրինակ` դեկտեմբերի 31-ին», - ասաց նրանցից մեկը:

Դեղատան մեկ այլ հաճախորդ նշեց, որ դա կարող է հանգեցնել ոլորտում չարաշահումներին, երբ դեղատոմսերը դուրս կգրվեն բժիշկի ծանոթներին կամ բարեկամներին: Եվս մեկ վտանգ են ներկայացնում չափազանց զգույշ բժիշկները, ովքեր չմեղադրվելու համար դուրս չեն գրի դեղատոմս այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է:

Հակաբիոտիկների սխալ օգտագործումը վտանգավոր է կյանքի համար

Հակաբիոտիկների սխալ ընդունումը ոչ միայն չի նպաստում բուժվելուն, այլ նաև մարդու օրգանիզմը կայուն է (ռեզիստենտ) դարձնում տարատեսակ հակամիոտիկների նկատմամբ: Ողջ աշխարհում տարեկան հարյուր հազար մարդ է մահանում ռեզիստենտ մանրէներից:

Հարկավոր է հաշվի առնել, որ հակաբիոտիկները կիրառվում են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում` ընդ որում ոչ միայն կենդանիների բուժման, այլ նաև նրանց մոտ մկանային զանգվածի ավելացման, ինչպես նաև մրգերի աճեցման և ձկնաբուծության համար: Չնայած դրանք օգտագործվում են փոքր չափաբաժիններով, բայց կուտակվում են օրգանիզմում և իրական վտանգ ներկայացնում առողջությանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անհրաժեշտ միջոցառումների բացակայության դեպքում հակաբիոտիկների սխալ օգտագործման հետևանքներից մահացության ցուցանիշը 2050 թ.–ին կկազմի 10 մլն մարդ, իսկ վնասը` 100 տրիլիոն դոլար։–0–