Ալիևի դժվար այցը Թեհրան

23.02.2016, 14:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Իրան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական այցի ընթացքում նրան ուղեկցում է բավական ներկայացուցչական պատվիրակություն։
Ալիևի դժվար այցը Թեհրան
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական այցի ընթացքում նրան ուղեկցում է բավական ներկայացուցչական պատվիրակություն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Թեհրանում Իրանի և Ադրբեջանի միջև կստորագրվեն մոտ մեկ տասնյակ պայմանագրեր։

Տեղեկատվական-քարոզչական դաշտում պաշտոնական Բաքուն փորձում է առանձնահատուկ նշանակություն հաղորդել այդ այցին` անընդհատ տարբեր հաճոյախոսություններ հորդալով Իրանի հասցեին։ Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի ընդգծել այցի տնտեսական բաղադրիչը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը Թեհրանում փորձելու է պայմանավորվածություններ ձեռք բերել առաջին հերթին տրանսպորտա-կոմունիկացիոն և էներգետիկ ոլորտներում։ Հատկապես փորձելու են խոչընդոտել Հայաստանի տարածքով Վրաստանին բնական գազ մատակարարելու Իրանի ծրագրերին։ Չէ՞ որ այդ դեպքում Ադրբեջանը միանգամից երկու ուժեղ հարված է ստանում. նախ կորցնում է Վրաստանը լիակատար էներգետիկ կախվածության տակ գցելու հնարավորությունը և ապա՝ տապալվում է Հայաստանը շրջափակելու և տարածաշրջանային տնտեսական նախագծերից մեկուսացնելու իրենց քաղաքականությունը։

Բացի տարածաշրջանային խնդիրներից, Ալիևը մի շարք հարցեր ունի նաև Իրանի հետ երկկողմանի հարաբերությունների ոլորտում։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրները վերջին շրջանում նոր սրությամբ են կանգնել երկու պետությունների առջև։ Դրանք իրենց բնույթով կոնֆլիկտային են և կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ։ Անցած տարվա վերջ Բաքվի Նարդարան ավանում տեղի ունեցած բախումներն ասվածի վառ վկայություններն են։ Անսալով Արևմուտքի պահանջներին, այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները քարոզչական լուրջ աշխատանք տարան Իրանում բնակվող թուրքալեզու ժողովրդների իրավունքների պաշտպանության և նրանց քաղաքական պահանջների ոլորտում ու, որպես արդյունք, ստացան Իրանի պատասխանն արդեն հիշատակված Նարդարանում։

Այդ օրերի դեպքերը հստակ ցույց տվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն հասցրել է Ադրբեջանում ձևավորել այն գործոնը, որն անհրաժեշտության դեպքում կարող է լուրջ խնդիր դառնալ Ալիևի իշխանության համար։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին տարիներին հետևողական աշխատանք են տարել երկրում կրոնական տրամադրություններն ու հոսանքները վերահսկողության տակ պահելու ուղղությամբ։

Իրանի իշխանություններն այս ամենի մասին պատրաստվում են բաց տեքստով խոսել Թեհրան մեկնող Ալիևի հետ։ Այդ մասին է վկայում նաև Իրանի պաշտոնական հեռուստառադիոընկերության (www.irib.ir)՝ Ալիևի առջև բարձրացված հարցերը։ Հիշատակված ընկերության թղթակիցները հարցնում էին Ադրբեջանում Իսլամի հետևորդների հալածանքների մասին։ Իսկ «Ադրբեջանի նախագահի արտահայտությունն էլ մի քանի անգամ չակերտների մեջ էին առել։ Դատելով Twitter սոցիալական ցանցում Ալիևի գրառումների բովանդակությունից՝ Ադրբեջանի նախագահը  հասկացել էր իր հասցեին ուղղված ակնարկները և փորձում էր հնարավորինս մեղմել իր հանդեպ Թեհրանում առկա տրամադրությունները։

Իհարկե, Իրանում մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանին որպես տարածաշրջանային գործընկեր երկրի։ Բայց Իսլամական պետության ղեկավարությունը հասկանում է, որ հիմա, երբ մի կողմից բարելավվել են Իրան-Արևմուտք հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ իրենց համար նոր մարտահրավերներ  են առաջացել Մերձավոր Արևելքում, տարածաշրջանային ցանկացած նոր նախաձեռնություն պետք է լինի իրենց համար շահեկան պայմաններով։

Ադրբեջանի դեպքում առավել ևս, որովհետև նախ այդ պետությունը թուրքական քաղաքականության շարունակությունն է Հարավային Կովկասում, երկրորդ՝ այն սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ընդհանուր համակարգի համար, և երրորդ՝շատ զգայուն է արտաքին՝ հատկապես արևմտյան ազդեցությունների հանդեպ։

Իրանում վաղուց են արդեն համոզվել, որ Ադրբեջանը կարող է արդյունավետ գործընկեր լինել միայն այն պարագայում, եթե այդ համագործակցության օրակարգ թելադրողը հենց իրանական կողմը լինի։ Թերևս այդ է պատճառը, որ պաշտոնական Թեհրանն անակնկալներ է պատրաստել Իլհամ Ալիևին։ Արդեն օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատրաստվում է Կասպից ծովի նավթա և գազահորերի համատեղ շահարկման նոր ծրագիր առաջարկել Ալիևին։

Պատժամիջոցներից ձերբազատված Իրանը լավ է հասկանում, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հավակնությունները սանձելու լավ հնարավորություն է ընձեռնվել հիմա։ Ընդհանրապես, պաշտոնական Թեհրանը փորձում է վերականգնել իր ազդեցությունն ամբողջ Հարավային Կովկասում և անվտանգ ելքեր է որոնում դեպի Սև ծով։ Ուստի, Ռուհանին ջանք չի խնայի՝ ցույց տալու համար, որ այսուհետև տնտեսական և քաղաքական համագործակցության ոլորտում խաղի նոր կանոններ է առաջարկելու տարածաշրջանի պետություններին։ Ընդ որում, Ադրբեջանի համար շատ համեստ դերակատարում է նախատեսված այդ նոր իրականության մեջ։ Նա չի կարող այլևս մրցակցել Իրանի հետ։ Զսպման մեխանիզմներն, ինչպես ասացի, արդեն մշակված են։ Մնացածը տեխնիկայի հարց է։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ