Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ կծավալի մրցավարական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի:
«Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,- ասել է Խուրշուդյանը «Արմենպրեսին»։
Վերջինիս խոսքով` այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին` միջազգային կարգի մրցավարի կոչման համար:
«Հայաստանում չունենք կին մրցավար, և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում`գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,-առանձնացրել է նա:
Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: