Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան Էր Ռիադի վրա իրանական հերթական հարձակումից հետո (ՖՈՏՈ)

04.03.2026, 13:06
Ֆուտբոլիստի ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Մադրիդ՝ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո. ՖՈՏՈ
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան Էր Ռիադի վրա իրանական հերթական հարձակումից հետո (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրա» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Մադրիդ՝ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո:

Նրա անձնական ինքնաթիռը երկուշաբթի վաղ առավոտյան Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք՝ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչուների հարձակումից հետո:

Այս մասին հայտնում է euronews.com-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին, որն էլ իր հերթին հիմնվել է Flightradar24 հարթակից ստացված տեղեկատվության վրա, ըստ որի՝ ֆուտբոլիստի Bombardier Global Express-ը Էր Ռիադից մեկնել է երեկոյան ժամը 8-ի սահմաններում և կեսգիշերից հետո վայրէջք կատարել Իսպանիայում՝ թռչելով Եգիպտոսի և Միջերկրական ծովի վրայով:

Պորտուգալացին, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Նասր» ակումբում, լքել է երկիրը այն բանից հետո, երբ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կարգադրել է դադարեցնել խաղերը՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո Պարսից ծոցում բռնկված հակամարտության պատճառով:

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով հետաձգված խաղերից մեկը ԱՖԿ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ալ-Նասր» - «Ալ-Վասլ» հանդիպումն է:

Էր Ռիադը, որտեղ Ռոնալդուն ապրում է իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ, անցած գիշեր դարձել է իրանական հարձակումների թիրախ, ընդ որում՝ թիրախներից մեկը եղել է ԱՄՆ դեսպանատունը: