Երկրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջատարն է Երևանում ընթացող Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը և Վալենտին Կովալենկոն։
Հանդիպման լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր, որը երկու հարված հետ է մղել, ինչպես նաև շատ վստահ գործել ամբողջ խաղի ընթացքում։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն անցկացվում Երևանում ապրիլի 13–19–ը։ Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները։