Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն՝ նոր ռեկորդներով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երկամարտի 214 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է:
Ինչպես հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան, Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի:
Հրում վարժությունում նա բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ:
Վերջին մոտեցմամբ նա սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա կրկին առաջինն էր:
Sportaran-ի տեղեկացմամբ, արծաթե մեդալը նվաճել է Իսպանիայի Մարիա Օլալլան (205 կգ), իսկ բրոնզե մեդալը՝ Ռումինիայի Դանա Բերկին (204 կգ)
Նշենք, որ Ալբանիայի Դուրրես քաղաքում հոկտեմբերի 28-ից ընթանում է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները։

