Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի՞ են պարել` ի պատիվ Մխիթարյանի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի են պարել` ի պատիվ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։
Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։
«Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի Stories–ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թիմի խաղացողները մարզադաշտում, շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած, պարում քոչարի։
Հրապարակված լուսակերներից մեկում նշվում է, որ Բաքվում ֆուտբոլիստները քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար:
Միաժամանակ, այս լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Շատերը նշում են, որ դա ոչ թե քոչարի է, այլ մարզման ձև։ Նշենք, որ այս պահին Օբամեյանգի Instagram-ի Stories–ում լուսանկարը հրապարակված է առանց գրառման։
Նշենք, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ։ Հիշեցնենք, որ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:–0–