«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ կանցկացվի՝ Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարին ընդառաջ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝
- մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
- մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
- մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։
Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:
Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:
Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
Հեծանվային արշավին մասնակցելու համար hetsanvayinarshav2026@gov.am էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
- մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
- բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:

