ՀՀ-ում առաջին անգամ կամուրջների հեծանների մոնտաժումն իրականացվում է կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

08.07.2026, 10:10
Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն
ՀՀ-ում առաջին անգամ կամուրջների հեծանների մոնտաժումն իրականացվում է կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։ 

Հիմնադրամից նշում են, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32կմ երկարությամբ ճանապարհ։ 

Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։ 

Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։

Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին: 

Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։