Աֆրիկյանների տան համար արդեն տարածք է հատկացվել «Հին Էրիվան» նախագծի շրջանակում

27.06.2014, 19:24
Աֆրիկյանների տան համար արդեն տարածք է հատկացվել «Հին Էրիվան» նախագծի շրջանակում, հայտնեց Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։
Աֆրիկյանների տան համար արդեն տարածք է հատկացվել «Հին Էրիվան» նախագծի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աֆրիկյանների տան համար արդեն տարածք է հատկացվել «Հին Էրիվան» նախագծի շրջանակում, հայտնեց Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։

«Տերյան 11 հասցեում գտնվող շենքի համար արդեն հատուկ տեղ է նախատեսվել «Հին Էրիվան» նախագծի շրջանակում»,– ասաց նա, սակայն կոնկրետ հասցե չնշեց։

Այվազյանը հայտնեց նաև, որ շենքի ապամոնտաժման գործընթացը վերահսկում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Նա ավելացրեց, որ ապամոնտաժման ընթացքում որևէ քար լրջորեն չի վնասվել,  և հետագայում դրանք բոլորը կարող են օգտագործվել շենքը մեկ այլ վայրում վերականգնելիս։

Սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն էլ իր հերթին նշեց, որ անթույլատրելի է համարում շենքի տեղափոխումը։

«Ես կարծում եմ, որ ցանկացած շենքի տեղափոխումը մեկ այլ վայր անթույլատրելի է, քանի որ դրանով խաթարվում է Երևանի պատմամշակութային տեսքը»,– ասաց նա։

Նա նաև վախով նշեց, որ «Հին Էրիվան» նախագիծը կարող է հին Երևանի արհեստական ընդօրինակումը դառնալ։

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ Երևանում վերջին մի քանի տարում մի քանի պատմական շենք է ապամոնտաժվել, որոնք մինչ օրս չեն վերականգնվել։ Նրա կարծիքով` Աֆրիկյանների շենքին կարող է նույն ճակատագիրը սպառնալ։

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ շենքն ապամոնտաժելու և մեկ այլ վայր տեղափոխելու մասին որոշում կայացնելուց առաջ նախ պետք է լայն քննարկում անցկացնել։

«Հին Էրիվան» նախագծով նախատեսվում է վերստեղծել 19-րդ դարի վերջի-20–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Քաղաքի կենտրոնի ոչ մեծ հատվածում ծրագրվում է վերականգնել մի քանի տասնյակ շենքեր և ճարտարապետական շինություններ, որոնք կառուցվել են այդ ժամանակահատվածում և պատմական ու մշակութային արժեք են ներկայացնում։ Նախագիծը մշակում է LV Architect ընկերությունը։ -0-