Ձերբակալված 37 անձ, հրացան, նռնակ, գազային ատրճանակ, սառը զենք. ուժեղացված ծառայություն՝ Երևանում (ՎԻԴԵՈ)

30.08.2024, 14:49
Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 37 անձ, նաև բաժին է ներկայացվել 1 անձ. ՆԳՆ ոստիկանություն․ ՎԻԴԵՈ
Ձերբակալված 37 անձ, հրացան, նռնակ, գազային ատրճանակ, սառը զենք. ուժեղացված ծառայություն՝ Երևանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։

«Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 37 անձ, նաև բաժին է ներկայացվել 1 անձ։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են հրացան, նռնակ, 2 ինքնաձիգ, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք։

Ծառայության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու հետախուզվողի, որոնցից մեկը՝ խուլիգանության և ապօրինի զենք պահելու, կրելու, մյուսը՝ կասեցված վարորդական իրավունքի վկայականով վարելու մեղադրանքով:

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։