ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. WhatsApp–ը 2020թ.–ի փետրվարի 1–ից դադարել է գործել միլիոնավոր սարքերում։ Android 2.3.7 և ավելի ցածր, ինչպես նաև iOS 8 և ավելի ցածր ծրագրային ապապոհվմամբ սարքավորումների օգտատերերն այլևս չեն կարողանա օգտվել հավելվածից, գրում է telecom.arka.am–ը` հղում անելով iguides.ru–ին։
Հնարավոր է, որ որոշ մարդկանց համար այս լուրն անսպասելի է, սակայն WhatsApp–ի ներկայացուցիչները դեռևս 2017թ.–ին հայտարարել էին, որ հավելվածը չի գործելու օպերացիոն ապահովումների հնացած տարբերակներում։ CCS Insight–ի վերլուծաբան Բեն Վուդի կարծիքով, ընկերությունն այլ ընտրություն չի ունեցել անվտանգությունն ապահովելու համար։
«WhatsApp–ն այլ ընտրություն չի ունեցել ծառայության անվտանգության ապահովման համար, սակայն ընկերության ներկայացուցիչները բախվել են մի խնդրի հետ` հավելվածը դարձել է անհամատեղելի հին սմարթֆոնների հետ», – նշել է Վուդը։
WhatsApp–ն առաջին անգամը չէ, որ հրաժարվում է ծառայություններ մատուցել հնացած ծրագրային ապահովմամբ սարքերում։ 2019թ.–ի դեկտեմբերի 31–ին մեսենջերը դադարեց գործել Microsoft–ի օպերացիոն համակարգով սմարթֆոններում։ Ի տարբերություն Windows Mobile–ի օգտատերերի` iPhone–ի և Android–ի որոշ սեփականատերեր կկարողանան թարմացնել իրենց գաջեթները` WhatsApp–ից օգտվելու համար։ Սակայն ոչ բոլորը կարողանան նման բան անել, որոշ գաջեթների սեփականատերեր, այնուամենեյանիվ, ստիպված կլինեն ձեռք բերել նոր սմարթֆոն։–0–