ՀՀ քաղաքացիները կկարողանան ստանալ ՌԴ քաղաքացիություն` առանց հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից

07.02.2020, 18:10
ՀՀ քաղաքացիները կկարողանան ստանալ ՌԴ քաղաքացիություն` առանց հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից
ՀՀ քաղաքացիները կկարողանան ստանալ ՌԴ քաղաքացիություն` առանց հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Օտարերկրացիների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգն էապես կդյուրացվի։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

ՌԴ քաղաքացիություն ստանալիս այլևս անհրաժեշտ չի լինի հրաժարվել արդեն ունեցած` այլ պետության քաղաքացիությունից։ ՌԴ կառավարությունը համապատասխան փոփոխություններ է պատրաստում, որոնք նախատեսվում է կատարել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում։ ՌԴ կառավարությունից տեղեկացրել էին, որ աշխատանքը եզրափակիչ փուլում է։ Օրինագիծն արդեն այս ամիս կարող է ներկայացվել Պետդումա։

Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման աշխատանքային խմբի ներկայացուցիչը «Կոմերսանտին» պատմել է կառավարության կողմից նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնց արդյունքում դյուրացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հաստատել են նախապատրաստվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը։

Խոսքն օրենքի այն հոդվածի մասին է, ըստ որի` օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է հրաժարվեն այլ պետության քաղաքացիությունից։ Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այդ հոդվածը։

«Հաշվի առնելով այն մեխանիզմը, որով հաստատվում է օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու փաստը, առաջարկվում է հանել այն պահանջը, ըստ որի` ՌԴ քաղաքացիության հայցվորը պետք է դիմի օտարերկրյա պետության լիազոր մարմին` հրաժարվելով այդ երկրի քաղաքացիությունից, այդ թվում` այն անձանց դեպքում, ովքեր համարվում են ռուսաց լեզվի կրողներ», – նշվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության պատասխանի մեջ, որը ստացել է «Կոմերսանտը»։

ՌԴ կառավարությունից նշել են, որ օրինագծի աշխատանքն ավարտվում է, նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելուց հետո այն կներկայացվի Պետդումա, որտեղ արդեն սպասում են։

«Ուզում ենք այս հարցը փակել գարնանային նստաշրջանի ժամանակ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան դառնալ ՌԴ քաղաքացի», – նշել է Ստորին պալատի փոխխոսնակ Պյոտոր Տոլստոյը։

Պետդումայի ԱՊՀ , եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով, «Քաղաքացիության մասին» օրենքում կարող են կատարվել նաև այլ փոփոխություններ, հնարավոր է չեղյալ հայտարարվի այն պահանջը, ըստ որի` ՌԴ քաղաքացիության հայցվորը պետք է 5 տարի անդադար բնակվի Ռուսաստանի տարածքում, փոփոխություններով հնարավոր է նաև չեղյալ հայտարարել օրենքի այն կետը, ըստ որի` անհրաժեշտ է հաստատել ապրուստի միջոցների օրինական աղբյուրը։–0–