Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)

14.07.2019, 16:49
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Չելյաբինսկում գործող «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ապաստարանում նոր հիվանդ է հայտնվել` Հեկտոր անունով 3 ամսական վագրիկը, որին վանդակից փորձել է գողանալ հարբած մի տղամարդ, գրում է «Аргументы и Факты» հրատարակությունը։

Օրենբուրգի մարզից բերված կենդանու բուժմամբ զբաղվում է ապաստարանի տնօրենն` անասնաբույժ Կարեն Դալլաքյանը։ 3 ամսական Հեկտորը վատ է հենվում ետևի թաթիկների վրա, ենթադրվում է, որ նա ողնաշարի վնասվածք ունի։

«Փոքրիկը 800 կիլոմետր է հաղթահարել։ Կբուժենք, կփորձենք թաթերի վրա կանգնեցնել», – նշել է Դալլաքյանը։

Միջադեպը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքի «Բարս» շարժական լունապարկում։ Ամուրյան էգ վագրը հարձակվել է 20 տարեկան հարբած երիտասարդի վրա, ով մտել է վանդակ ու փորձել գողանալ նրա ձագին։ Ձագուկը վնասվածքներ է ստացել և բուժման նպատակով տեղափոխվել է Չելյաբինսկ։

Ոստիկանությանը հարբած տղամարդն ասել է, որ գրազ է եկել, որ կմտնի վագրի վանդակը` նրան շոյելու համար, իսկ ձագուկին անգամ չի դիպչել։

Загружается новость ... "Лево"

Դալլաքյանն այդ վարկածին չի հավատում։ Առաջինը, տղամարդը եղել է ձեռնոցներով, երկրորդը` նա եկել է դեպքի վայր առավոտյան ժամը 6–ին, ինչը  վկայում է նախօրոք կանխամտածված հանցագործության մասին։ Անասնաբույժի խոսքով, վագրի գինը սև շուկայում հասնում է 300 հազար ռուբլու, և հավանաբար երիտասարդը որոշել է այդ կերպ հարստանալ։

Ձագուկի վրա կատարված հարձակումը շատ է ազդել մոր վրա։ Էգ վագրը վնասել է երիտասարդին, սակայն իր կատաղությունն այդպես էլ չի կարողացել հանդարտեցնել։ Նա ոչ ոք չէր թողնում մտնել վանդակ, այդ պատճառով ձագուկի բուժումը հնարավոր է եղել սկսել միայն մի քանի օրից։ Վագրը ևս օգնության կարիք ունի։

«Ինձ զգուշացրեցին, որ ձագուկը կծան է, սակայն նա դեռ ագրեսիվություն չի դրսևորում։ Շատ լավ է, որ վստահում է ինձ, դա շատ կարևոր է բուժման մեջ», – նշում է Դալլաքյանը։

Անասնաբույժի խոսքով, ձագուկին մի փոքր հանգիստ է հարկավոր,  հետո նա կանցնի ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություն։ «Շատ կարևոր է բացառել ներքին օրգանների վնասվածքները։ Երբ նրան ուժով քաշել են նեղ ճեղքի միջով, կարող էին վնասել որովայնը», – նշում է Դալլաքյանը։

Դալլաքյանը դեռ զգուշանում է կանխատեսումներ անել Հեկտորի ամբողջական վերականգնման մասին։ Միայն մի քանի ամսից պարզ կդառնա` արդյոք վագրիկը կկարողանա՞ վերադառնալ տիրոջ մոտ, թե՞ ընդմիշտ կմնա հաշմանդամ։

Հեկտորի վրա հարձակված 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է, նրա հիվանդասենյակի մոտ ոստիկաններ են հերթապահում։ Երիտասարդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158–րդ հոդվածի հատկանիշներով (Գողություն)։–0–