Վարքի գիտակցված լինելը կախված է նրանից, թե որքան է «ուտում» ուղեղը. գիտնականներ

16.06.2009, 11:04
Վարքի գիտակցված լինելը կախված է նրանից, թե որքան է «ուտում» ուղեղը. գիտնականներ
Վարքի գիտակցված լինելը կախված է նրանից, թե որքան է «ուտում» ուղեղը. գիտնականներ

Շրջակա աշխարհը գիտակցելու և դրան համապատասխան արձագանքելու ունակությունը կախված չէ ուղեղի որևէ կոնկրետ մասի աշխատանքից, այն կախված է ուղեղի ակտիվության ընդհանուր մակարդակից և էներգիայի սպառման մակարդակից, պնդում են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:

Գիտակցված վարքը ապահովվում է ուղեղի ընդհանուր բարձր էներգասպառման կողմից, այլ ոչ թե ուղեղի որոշ առանձին մասերի աշխատանքի շնորհիվ: Մարդկանց և կենդանիների վարքի գիտակցված լինելը սահմանող գործոնները մինչ այժմ բացահայտված չէին: Այն ամենաուղիղ իմաստով սահմանվում է՝ որպես արտաքին ազդակներին գիտակցված արձագանքելու ունակություն: Շատ գիտական խմբեր որոշակի մտավոր խնդիրները մտապահելու կամ լուծելու փորձերի միջոցով արդեն երկար ժամանակ է՝ փորձում են բացահայտել գլխուղեղի կարևոր մասերը, որոնց ակտիվությունը պատասխանատու է արտաքին ազդակներին գիտակցված արձագանքելու համար:

Բոլոր այս փորձերը, որոնց մասնակցում էին ինչպես փորձակենդանիները, այնպես էլ կամավոր մարդիկ, չհանգեցրեցին որևէ զգալի արդյունքների: Բացահայտվեց, որ արտաքին ազդակներին գիտակցված արձագանքելու գործում աշխատում են ուղեղի մեծաքանակ մասեր միանգամից: Ընդ որում, դրանց ակտիվության ավելացումը, գլխուղեղի ֆոնային ակտիվության համեմատ, զգալի չէ, այն կազմում է գլխուղեղի կողմից օգտագործվող ողջ էներգիայի գրեթե մեկ տոկոսը:

«Այդ պատճառով մինչ այժմ գիտնականները, որոնք օգտագործում էին գործառնական մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ վարքի գիտակցված լինելն ուսումնասիրելու համար, ուսումնասիրում էին միայն սառցաբեկորի վերին մասը: Իսկ մենք փորձեցինք ուսումնասիրել մնացածը», - ասել է հրապարակման առաջատար հեղինակ, Յելի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Շուլմանը (Robert Shulman), ում խոսքերը մեջբերում է համալսարանի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շուլմանն ու նրա գործընկերները ենթադրեցին, որ գլխուղեղի օգտագործած էներգիայի 99 տոկոսն անհրաժեշտ է այդ օրգանին հենց վարքի գիտակցվածությունը մշտապես ապահովելու համար, որն առաջանում է այս կամ այն մտավոր խնդիրներ լուծելու պահին գլխուղեղի բոլոր մասերի ճիշտ ժամանակին միանալուց: Իրենց ենթադրությունները գիտնականները հաստատեցին՝ հետևելով մարդկանց, ովքեր գտնվում էին հզոր ցավազրկող դեղամիջոցների ազդեցության տակ, որի հետևանքով գիտակցության մթագնում է առաջանում:

Առնետների վրա կատարած իրենց փորձերի ժամանակ գիտնականները օգտագործեցին կենդանիների երկու խումբ, որոնցից մեկը ենթարկվեց թեթև անզգայացման, իսկ մյուսը՝ շատ ուժեղ անզգայացման: Ընդ որում առաջին խմբի կենդանիների թաթերին կատարված թեթև հարվածները հանգեցնում էին գլխուղեղի սենսորային կեղևի բոլոր մասերի և դրա շատ այլ հատվածների զգալի ակտիվացման, այն դեպքում, երբ երկրորդ խմբի առնետների մոտ նման դեպքում զգացվում էր միայն սենսորային կեղևի մասերի գրգռվածություն:

Միաժամանակ  հզոր անզգայացման ենթարկված առնետների մոտ ֆոնային աղմուկի մակարդակը, որը սահմանվում է գլխուղեղի ֆոնային ակտիվացմամբ և համապատասխանաբար ուղեղի կողմից օգտագործվող էներգիայի ծավալներով, գրեթե երկու անգամ ցածր էր, քան երկրորդ խմբի մոտ:

«Այդ պատճառով մենք կարծում ենք, որ գիտակցված վարք դրսևորելու ունակությունը ոչ այնքան ուղեղի հատկությունն է, որքան այդ ուղեղն ունեցող կոնկրետ մարդու կամ կենդանու հատկությունը», - եզրափակել է Շուլմանը:-0-