ArmTech-2007 կոնգրեսի անցկացումը և պատվոգրերի շնորհումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում

18.09.2007, 19:47
ArmTech-2007 կոնգրեսի անցկացումը և պատվոգրերի շնորհումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում

Հայկական տեխնոլոգիաների գլոբալ կոնգրեսի (Armenian Technology Congress – ArmTech) արդյունքների եզրափակումը և կազմակերպիչներին պատվոգրերի հանձնումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) սեպտեմբերի 19-ին։

«Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահության անունից Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և  ArmTech-2007-ի կազմակերպման համար պատվոգրեր կհանձնի ArmTech-2007-ի տնօրենների խորհրդի նախագահ, Viasphere International ընկերության նախագահ Թոնի Մորոյանին, ArmTech-2007-ի տնօրենների խորհրդի համանախագահ, Սինոպսիս ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչի Գոլդմենին և ArmTech-2007 կազմկոմիտեի հայկական կողմից համանախագահ, Viasphere Techopark ընկերության գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանին»,-երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ԳԱԱ-ից։

ArmTech-2007 կոնգրեսում, որը տեղի ունեցավ 2007-ի հուլիսի 4-7-ը Սան-Ֆրանցիսկոյում, մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ավելի քան 350 ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացված է եղել 60 գործարարներով և 11 գործարար ու կրթական կազմակերպություններով, որոնք մտնում են Հայաստանի ՏՏ ոլորտի մեջ։

Հայկական պատվիրակությունը ղեկավարել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։ Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես են եկել, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Կալիֆորնիայից սենատոր Ջո Սիմիթյանը և Synopsys Inc –ի նախագահ Չի-Ֆուն Չանը։-0—