ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի սակագները կրկին կիջնեն, չորեքշաբթի տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է
Telecom-ը:
Նա նշեց, որ 2020թ.-ի հունվարից Արցախի հետ ռոումինգի գների նվազեցման շուրջ կապի օպերատորների միջև հաստատված պայմանավորվածությունը ոլորտի մեծագույն ձեռքբերումն է:
«Մենք մտադիր ենք շարունակելու այս դրական միտումները և նախատեսում ենք, որ 2020թ.-ի հուլիսից Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի սակագները նորից կիջնեն»,- ասաց Արշակյանը:
Նրա խոսքով, բարձր սակագները պայմանավորված են, այդ թվում, Արցախի հեռահաղորդակցական շուկայում առկա մենաշնորհով` ընդգծելով, որ այդ պայմանավորվածության ժամկետը սպառվում է 2020թ.-ին, իսկ շուկայում սակագներն իջեցնել հնարավոր կլինի ևս մեկ օպերատորի հայտնվելու արդյունքում:
Ընդ որում, նախարարը չի բացառում երկրների միջև միասնական սակագնի ներդրման հնարավորությունը` ընդգծելով, որ դեռևս գոյություն ունեն որոշ տնտեսական և քաղաքական գործոններ, որոնք խոչընդոտում են այս գործընթացին:
Նա հիշեցրեց, որ սակագները հաջողվել է նվազեցնել միջինը 15%-44%–ով օպերատորների հետ պայմանավորվածության շնորհիվ:
Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը կես տարի պարբերականությամբ երկու երկրների միջև ռոումինգի սակագները նվազելու են: Արդյունքում 2020թ.-ի հունվարի 1-ից Արցախ զանգի սակագինը կնվազի 25%-ով, նշված ժամանակահատվածի ընթացքում մինչև 30%, Արցախից` մոտավորապես 40%, հետագայում 45%:
Ինտերնետի հասանելիության ծառայությունների և տվյալների փոխանցման սակագները կնվազեն համապատասխանաբար մոտ 50%-ով, հետագայում 65%-ով, SMS-ը` 65%-ով և 75%-ով:
Նույնպես 2019թ.-ի օգոստոսի 1-ից նվազելու են «Beeline» և «Ucom» ընկերությունների տրամադրած ելքային (38 դրամ`45 դրամի փոխարեն) և մուտքային (25 դրամ` 45 դրամի փոխարեն) զանգերը, sms-ը` 40 դրամով` գործող 60 դրամի փոխարեն (1$` 477,44 դրամ): -0-TE