Էրդողանին աղմկահարույց նամակ գրած արքեպիսկոպոսն Էջմիածնում կլորիկ գումարով տուն է գնել. թերթ

17.06.2016, 13:12
Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր  փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն Էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել:
Էրդողանին աղմկահարույց նամակ գրած արքեպիսկոպոսն Էջմիածնում կլորիկ գումարով տուն է գնել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն Էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել, հաղորդում է «Իրավունք» թերթը:

«Մինչ հայրենասեր երիտասարդությունը պատրաստվում է օդանավակայանում լխկած թուրքական լոլիկներով դիմավորել Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և թույլ չտալ նրա մուտքը երկիր, շատ հետաքրքրաշարժ մանրամասներ են պարզվում», - նշվում է թերթում։

Ինչպես նշում է թերթը, հղում անելով վստահելի աղբյուրին, սույն անարժան վեղարավորը դեռ անցյալ տարի Էջմիածնում` Զինկոմիսարիատի շենքի հարևանությամբ, 100 հազար դոլարով տուն է գնել։

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Նամակը վերաբերում է հունիսի 2–ին ԳԴՀ–ի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Աթեշյանն իր նամակում անընդունելի է համարել այն փաստը, որ ԳԴՀ խորհրդարանն իրավաբանական պատասխանատվություն է ստանձնել։ Նա հայտարարել է, որ «այս որոշումն առաջացրել է մեր ժողովրդի խորն ափսոսանքը»։ -0-