Այսօր Սյունիքում մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները գտնվում են Հայաստանում․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Սյունիքում մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները գտնվում են Հայաստանում, հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն։
«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։