ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ինչպես հաղորդվում է Դաշնության խորհրդի կայքում, նախատեսված են Մատվիենկոյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, նախատեսվում է զրույց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Մատվիենկոն և Սիմոնյանը նաև կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»։ Նույն օրը Դաշնության խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ ֆորումին։ Նախատեսվում է, որ լիագումար նիստում ելույթ կունենան Դաշնության սուբյեկտների մի շարք ղեկավարներ։