Զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից․ խարդախության նոր տեսակ է շրջանառվում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ․ 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից, զգուշացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։ Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից զգուշացնում են․ երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է:
Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել` անմիջապես զանգահարեք 1-02։