Սիմոնյանը Մատվիենկոյի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում հայ գերիների խնդրի վրա

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված գերիների և անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց խնդրի վրա։
ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։
Սիմոնյանը հաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմի՝ կողմերի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Մատվիենկոն, իր հերթին, ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից է։
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցեր՝ ինչպես քաղաքական և տնտեսական, այնպես էլ՝ կրթական և մշակութային՝ մասնավորապես, շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։
Սիմոնյանը նշեց, որ նման փոխայցելությունները կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով այն փաստի կարևորությունը, որ Մատվիենկոյի այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի համատեքստում։