Հորդառատ տեղումները Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացման են հանգեցրել. Հանձնաժողովի նախագահ

22.06.2010, 13:54
Հորդառատ տեղումները Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացման են հանգեցրել. Հանձնաժողովի նախագահ
Հորդառատ տեղումները Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացման են հանգեցրել. Հանձնաժողովի նախագահ

Հայաստանում գրանցված հորդառատ տեղումները հանգեցրել են Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացման, տարեսկզբից լճի մակարդակը բարձրացել է 78 սանտիմետրով և կազմել 1901,1 մետր, տեղեկացրեց ՀՀ  նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

«2029 թվականին Սևանա լճի մակարդակը կհասնի օրենքով ամրագրված 1903,5 մետրի: Այս պահին ջրի մակարդակը կազմում է 1901,1 մետր, այսինքն սահմանված կետին հասնելուն մոտ երեք մետր է մնացել», - ասաց Մովսիսյանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի ջրի մակարդակը ավելացել է 67 սմ-ով:

Խոսելով սահմանված 1903,5 մետրի մասին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս ցուցանիշը հիմնավորված է ինչպես տնտեսական, այնպես էլ տեխնիկական տեսակետից:

«Այս մակարդակը թույլ կտա ավելացնել լճի ջրի ծավալը 8 միլիարդ խորանարդ մետրով: Ջրի այս ծալավը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով», - ասաց Մովսիսյանն՝ ավելացնելով, որ լճի ջուրը, մասնավորապես, օգտագործվում է ոռոգման նպատակներով:

Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանում կա 79 ջրամբար, որոնք ընդհանուր առմամբ տեղավորում են 1 միլիարդ խորանարդ մետր ջուր, իսկ 8 միլիարդ խորանարդ մետր ջուր կուտակելու համար հարկավոր կլիներ կառուցել շուրջ 250 միլիարդ դոլարի 700 լրացուցիչ արհեստական ջրամբարներ, ինչը նպատակահարմար չէ:

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։

Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում:-0-