Ղարաբաղյան հարցը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ՀՀ ԱԳՆ

17.02.2010, 10:22
Ղարաբաղյան հարցը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ՀՀ ԱԳՆ
Ղարաբաղյան հարցը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ՀՀ ԱԳՆ

Ղարաբաղյան հարցը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ղարաբաղի գործընթացի վերաբերյալ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

Մամեդյարովը փետրվարի 15-ին հայտարարել է, որ ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում, և գլխավոր հարցը «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է և իրենց տներ փախստականների վերադարձը:

«Կարևորն այն չէ, թե ով ևինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաև Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո», - մեջբերեցին նախարարի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Իտալիայի լ’Ակվիլա քաղաքում 2009 թ.-ի հուլիսի 10-ին տեղի ունեցած G8 գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների նախագահների հատամեղ հայտարարությունը:

Նրա խոսքերով՝ եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա, փաստորեն, խոչընդոտում է կարգավորման գործընթացը:

«Ադրբեջանը խոչընդոտում է կարգավորումը նաև դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետև առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը», - ասել է Նալբանդյանը:

«Ինչ վերաբերում է հակամարտության հետևանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաև Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը», - ավելացրել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ:

«Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա և խաղաղ ճանապարհով», - ասել է նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-