Հանրակրթական դպրոցներ հաճախելու հնարավորության բացակայությունն է Թուրքիայի հայ միգրանտների հիմնական խնդիրը

18.12.2009, 13:58
Հանրակրթական դպրոցներ հաճախելու հնարավորության բացակայությունն է Թուրքիայի հայ միգրանտների հիմնական խնդիրը
Հանրակրթական դպրոցներ հաճախելու հնարավորության բացակայությունն է Թուրքիայի հայ միգրանտների հիմնական խնդիրը

Թուրքիայի հայ աշխատանքային միգրանտների հիմնական խնդիրը նրանց երեխաների՝ դպրոց հաճախելու հետ կապված բարդություններն են, ասաց «Եվրասիա-Հայաստան» հիմնադրամի հայ-թուրքական հարցերի ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանը:

«Հայերի դպրոցահասակ երեխաներն իրավունք չունեն հաճախել Թուրքիայի հանրակրթական դպրոցներ: Կան հատուկ դիվանագիտական և մասնավոր դպրոցներ, սակայն դրանցում ուսումը բավականին թանկ է, և միգրանտներն ի վիճակի չեն նման միջոցներ վճարել»,- ասաց նա ուրբաթ Երևանում՝ ներկայացնելով Թուրքիայում հայ միգրանտների վիճակի մասին ուսումնասիրությունը:

Այդ կապակցությամբ Շաքարյանն ասաց, որ բառացիորեն մեկ ամիս առաջ Թուրքիայի վարչապետը հայկական պատրիարքության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ լրատվամիջոցների, խոստացավ, որ պատրիարքարանին կից կբացվեն հատուկ դպրոցներ հայ միգրանտների երեխաների համար:

Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ որոշ երիտասարդներ փորձում են հավաքել հայ միգրանտների երեխաներին և նրանց լեզվի կամ պատմության դասեր տալ, սակայն հիմնականում մի քանի ամիս անց այդ էնտուզիազմը և ոգեվորությունը նահանջում են, և այդ երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում են փողոցում։

«Կարելի է պատկերացնել, թե ինչ ապագա է սպասվում երեխաներին, ովքեր իրենց կյանքն անցկացնում են փողոցում այնպիսի քրեածին քաղաքում, ինչպիսին Ստամբուլն է»,- ասաց նա։

Մի շարք այլ խնդիրների թվում Շաքարյանը նշեց այն, որ այն դեպքում, եթե Թուրքիայում առանց գրանցման բնակվող հայկական ամուսնական զույգը երեխա է ունենում, ապա վերջինս «կախված է մնում օդում»։

«Երեխան չի կարող իր ծնունդը հաստատող որևէ թուրքական փոստաթուղթ ստանալ և նրան հնարավոր չէ տեղափոխել Հայաստան, քանի որ առանց փաստաթղթի նա չի կարող անցնել սահմանը»,- պարզաբանեց նա։

Ընթացիկ տարվա ապրիլ-հոկտեմբերին ստամբուլցի վերլուծաբան Ալեն Օզինյանի անցկացրած հետազոտությանը մասնակցեցին 115 հայ աշխատանքային միգրանտներ, ինչպես նաև «ֆոկուսային խմբեր», այդ թվում՝ թուրք գործատուներ։

Ուսումնասիրությունը քաղաքական չէ և նպատակ ունի բացահայտել Թուրքիայում հայ միգրանտների վիճակի, թուրքական հասարակության և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ նրանց հարաբերությունների, ինչպես նաև արդիական խնդիրների առանձնահատկությունները։ -0-