Հայաստանի բնակչությունն ամեն տարի 250-300 մլն դոլար է տնտեսում բնական գազի սպառման անցնելու կապակցությամբ. «ՀայՌուսգազարդ»

20.10.2009, 18:08
Հայաստանի բնակչությունն ամեն տարի 250-300 մլն դոլար է տնտեսում բնական գազի սպառման անցնելու կապակցությամբ. «ՀայՌուսգազարդ»
Հայաստանի բնակչությունն ամեն տարի 250-300 մլն դոլար է տնտեսում բնական գազի սպառման անցնելու կապակցությամբ. «ՀայՌուսգազարդ»

Բնական գազի սպառմանն անցնելու հետ կապված՝ Հայաստանի բնակչությունն ամեն տարի 250-300 մլն ԱՄՆ դոլար է տնտեսում, երեքշաբթի լրագրողներին ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:  

Նա նշեց, որ բնական գազի սպառողների ընդհանուր թիվը Հայաստանում ռեկորդային ցուցանիշի է հասնում երկրի ողջ պատմության ընթացքում՝ 587 հազար, իսկ գազիֆիկացման մակարդակն աճել է մինչև 94 տոկոս:   

Նրա խոսքերով՝ գազիֆիկացման, ինչպես նաև այդ ոլորտում ներդրված նորարարությունների մակարդակով Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շրջանում և ընդգրկված է աշխարհի առավել գազիֆիկացված երկրների ցանկում:  
 
Ընդ որում նա հայտնեց, որ Հայաստանը որպես շարժիչային վառելիք բնական գազն օգտագործող երկրների շրջանում առաջատարներից մեկն է:

«Հայաստանի ավտոտրանսպորտի շուրջ 55-60 տոկոսը բնական գազն է օգտագործում որպես վառելիք, ինչի շնորհիվ տրանսպորտային ոլորտում ամենամյա տնտեսումը, ընկերության գնահատականներով, ԱՄՆ 300-400 մլն դոլար է կազմում»,- ասաց Կարապետյանը: 

Միաժամանակ գլխավոր տնօրենը հայտնեց, որ Հայաստանի սպառողների գազամատակարարման հուսալիության բարձրացման նպատակով 2008թ.-ին Աբովյանի ստորգետնյա պահեստարանում ավելացվել են բնական գազի պահուստային պաշարները մինչև 118 մլն խորանարդ մետրի:

Նրա խոսքերով՝ գազի ներտնային համակարգերի օգտագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդը» սկսել է սպառողների մոտ անվտանգության համակարգերի և գազի արտահոսքի ազդարարիչների տեղադրման աննախադեպ լայնամասշտաբ ծրագրի իրականացում:  

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով.

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի  մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում 80 տոկոս  է, իսկ ՀՀ կառավարությանը՝ 20 տոկոս։--0--