ԱՄՆ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի Վրաստանին ինքնապաշտպանության ու ներքին կայունության ապահովման համար. փոխպետքարտուղար

09.06.2009, 19:25
ԱՄՆ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի Վրաստանին ինքնապաշտպանության ու ներքին կայունության ապահովման համար. փոխպետքարտուղար

Միացյալ նահանգները ռազմական աջակցություն կցուցաբերի Վրաստանին ինքնապաշտպանության ու ներքին կայունության ապահովման համար, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը (Philip Gordon)։  

«Ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում ԱՄՆ Պաշտպանության նախարարության ձևակերպումն այնպիսին է, որ աջակցությունը կուղղվի ռազմական ու քաղաքացիական համագործակցությանը և չի ներառի զենքի վաճառք կամ սատարում ռազմական գործողությունների դեպքում»,- ասաց Գորդոնը։

Նա նշեց, որ Վրաստանը ԱՄՆ գործընկերն է անվտանգության ոլորտում, մասնավորապես, վրացական համակազմը մասնակցել է խաղաղապահ առաքելությանը Իրաքում և Աֆղանստանում։ 

«Ինքնապաշտպանության ու ներքին կայունության ապահովման համար մենք աջակցություն կցուցաբերենք Վրաստանին, սակայն մեր մոտեցումներն այնպիսին են, որ առկա հակամարտությունները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով»,- ընդգծեց Գորդոնը։-0-