Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Հունվարի 9-ին Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։ Դադարեցման պատճառը, ըստ վրացական կողմի, «Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքների վերացման ուղղությամբ վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է»:
Գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել հունվարի 13-ից ոչ ուշ։ Որոշ ԶԼՄ-ներ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան եկող ռուսական գազի մատակարարման դադարեցումը կապում են ոչ թե վթարի, այլ Թբիլիսիի՝ գազի փոխադրման սակագների վերանայման պահանջի հետ։
Նա նշեց, որ վրացական կողմը խոստացել է վերականգնել գազամատակարարումը հնգօրյա ժամկետում, ինչից հետո կարելի է եզրակացություններ անել։
Բոզոյանը կարծում է, որ մատակարարման խափանումը պարզապես զուգադիպել է Ռուսաստան-Ուկրաինա գազային փոխհարաբերությունների գործընթացի հետ։
Ինչպես նշեց փորձագետը, եթե նշված ժամկետն անցնելուց հետո Հայաստանի գազամատակարարումը չվերականգնվի, ապա կարելի կլինի այլ եզրակացություններ անել։
«Սակայն ես հակված եմ մտածել, որ դրանք տեխնիկական խնդիրներ են, քանի որ չեմ տեսնում որևէ իրական պատճառ, որպեսզի Վրաստանը ցանկանար դադարեցնել գազի մատակարարումը դեպի Հայաստան»,- ասաց Բոզոյանը։ -0-